Մենք ամենքս ՀՈՒՅՐ ենք կյանքում․․․

Վերնագրում ուղղագրական սխալ չկա, վրիպակ չէ։ Ճշգրիտ մեջբերում է ՔՊ-ական պատգամավոր, ժեներալ Գուրգեն Մելքոնյանի խոսքից։
Ասում է․ «Արցախցիները Արցախը հանձնեցին, եկան այստեղ, թող հիմա իրենց ՀՈՒՅՐԻ պես պահեն»։
Ժեներալի կենսագրությունը հետաքրքրեց՝ զուտ հյուրի և հյուրընկալի առումով։ Մի անհասկանալի բան կար։ Վիքիպեդիայում ժեներալի կենսագրությունը այսպիսին է․
Գուրգեն Գառնիկի Մելքոնյան․ 10.04.1957, ծննդավայրը՝ ԼՂԻՄ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ, ԽՍՀՄ։
Ապա, կենսագրության բացված տարբերակում նույն կենսագրությունն այսպիսի ծավալում է ստանում. «Ծնվել է ՀՍՍՀ Մարտունու շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Մոլլալու գուղում»:
Չվստահելով Վիքիպեդիայի հակասական տվյալներին՝ բացում ենք ԱԺ պաշտոնական կայքը։
Աժ պաշտոնական կայքում կարդում ենք. «Ծնվել է 1957-ի ապրիլի 10-ին»:
Ծննդավայրը բաց է թողնված։
Մոլլալու, թե չՄոլլալու՝ սա է խնդիրը։ Որն է հոգեպես ավելի ազնիվ՝ Մոլլալուն, թե ԼՂԻՄ-ը։ Որպես ծննդավայր, բնականաբար։
ԼՂԻՄ Մարտունու շրջանը հաճախ են շփոթում ՀԽՍՀ Մարտունու շրջանի հետ։ Հիմք ընդունելով պարոն ժեներալի արտասանությունը՝ ՀԽՍՀ Մարտունու շրջանի Մոլլալու գյուղը, այնուամենայնիվ, ավելի հավանական է։ Ի դեպ, Վիքիեպեդիան ծննդավայր Մոլլալուի հետ կապված տալիս է ծանոթագրություն՝ ծննդյան վկայական No 986579, 10.04.1957։
Վերադառնալով հյուր լինելուն՝ հին երևանցին, ասենք ժեներալի սերնդակիցներից նա, ում պապը ծնվել է Երևանում, ամենայն վստահությամբ կարող է Մոլլալուից եկածին հյուր անվանել ու պահանջել նույնը։
Տրամաբանական է, ժեներա՛լ, մի՛ սրտնեղեք։
Հետո՝ հյուր գալիս են կամավոր։ Արցախցին կամավոր չի եկել։ Ժեներալի հանգստությունը հուշում է, որ վստահ է, թե արցախցիների «հյուր գալու» պատճառի քննությունը ինքը չի տեսնելու։ Բա որ հասցնե՞ք, ժեներալ։
Եվ, այնուամենայնիվ՝ հյուր, ոչ թե հույր։ Մարդ ես՝ հազար տեսակ անդաստիարակ կա, չասեն՝ էս գեղցին ով էր։
Տեղադրություն
Լուսինե Հովհաննիսյան










