Արցախը «վիդեոռոլիկ» է և վերջ

Արցախը վերածեցինք «վիդեոռոլիկի»։
«Վիդեոռոլիկներ», որ ուղեկցվում են տնայնագործական մեղեդիով կամ «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությամբ։
Տպավորող տխրությամբ նախադասություններ կարող եմ գրել Ղարաբաղի մասին։ Կներեք, որ Արցախ չեմ ասում, սրան ավելի եմ սովոր։
Կարող եմ գրել այնքան տխուր, որ նույնիսկ ամենասառնասիրտը հուզվի։
Բայց Ղարաբաղի մասին չի կարելի սիրուն-տխուր բան գրել։
Որովհետև ինքը չկա ու, ամենայն հավանականությամբ, էլ չի լինի մեզ համար։ Ինքը իրենով կա՝ հող, սար, երկինք, արև, բերքը, թութ կլինի։ Ամեն ինչ լինելու է։ Բացի մեզնից։
Հրաշքը չի բացառվում։
Բայց այսօրվա դրությամբ չոր ողբերգություն է։
Ողբերգության մասին սիրուն-տխուր բան գրել չի լինում։
Գրածն էլ ընդամենը գինն իջեցնում է, դարձնում է ընդամենը տխուր բան։
Տխուր բանի և ողբերգության տարբերությունն է, որ չկա։
Տխուր, նույնիսկ տխրագույն բանից հետո վերականգնվելը տխրությունը բթացնելն է, աստիճանաբար մոռանալը, հետո՝ ուրախանալը։
Ողբերգությունը պատահելուց հետո ուրիշ բան է ենթադրում։
Ողբերգությունից հետո, եթե չեն խելագարվում, կտրուկ փոխվում են։
Եթե հարազատդ մահացել է՝ սուգ է, տառապանք է, հետո աստիճանաբար ուզում ես տնից դուրս գալ, թեյ խմել, գործի գնալ, տան մյուս անդամների ծննդյան տոները թեթև նշել, որ սուգը չտանի տունը։
Եվ մյուս օրինակը․ ենթադրենք` Եվրոպայում աշխատում ես, կյանքդ հարմար դասավորված ապրում ես․ անսպասելի հարձակվել են հայրենիքիդ վրա, ընտանքիդ ու ամեն ինչ ոչնչացել է։ Գժվում ես։ Մեկ օր, մեկ ամիս։ Հետո գիծ ես քաշում, սկսում ես լրիվ ուրիշ կյանք․ անում ես այն, ինչ մինչ այդ մտքովդ չի անցել, դառնում ես երկրորդ դու, ջնջում ես հայրենիքիդ մասին հուշը կամ դառնում ես վրիժառու, փոխում ես ազգությունդ, դառնում ես մեծ ավանտյուրիստ, արկածախնդիր մեկը, մեծահարուստ կամ մուրացկան, գյուտի հեղինակ կամ ոչնչություն․ այնինչ միջին վիճակագրական մարդ էիր։
Իհարկե, կյանքի ութսունհինգամյա հավերժության փաստի առաջ ոչինչ ողբերգություն չէ, բայց ասենք՝ աշխատավարձի հարցում մենք էքզիստենցիալ փիլիսոփա չենք, չէ՞։ Ինչու ենք երկիր հանձնելու հարցում այսքան փիլիսոփա։
Ղարաբաղի մասին այդքան անմիջապես գրված սիրուն-տխուր բանաստեղծությունները տխրության մասին են վկայում։
Անմիջապես գրված մի այդպիսի բանաստեղծությունից հետո մտածեցի․ Արևմտյան Հայաստանի մասին եղած ամենաճանաչված երգը՝ «Քելե լաո»-ն, ե՞րբ է ստեղծվել։
Պարզվում է՝ 1932-ին ծնված մի մարդ է գրել՝ Գևորգ Հակոբյան անունով, թալինցի մի գրականության ուսուցիչ, Տարոնից գաղթած հայերի զավակ, փաստորեն՝ վաթսունականների վերջ-յոթանասունականների սկզբին։
Ինչո՞ւ Ղարաբաղը այդքան անմիջապես բանաստեղծության վերածվեց, շատ շուտ «վիդեոռոլիկ» դարձավ Ղարաբաղը։
Հայկական հսկան էլ չկա, ինքը հսկա էր՝ վիդեոռոլիկի ֆորմատում չի տեղավորվում, խցկելով գինը իջեցրինք։
«Մենք պետք է առաջ նայենք, «կյանքին ասենք՝ այո», «կերտենք ուժեղ Հայաստան, և սա կլինի մեր պատասխանը տեղի ունեցած ողբերգությանը»՝ չեմ կարող այս նախադասությունները գրել, որովհետև աշակերտ ժամանակ արդեն այդպիսի բազմաթիվ շարադրություններ գրել եմ մյուս կորցրած երկրի մասին։
Մի անհաջող տեքստ էլ հուզված գրել եմ 2020-ից հետո։ Ուղղակի շատ ծանր վիճակում էի, գրել էի, որ ինքս ինձ խաբեմ-խաղաղեցնեմ։ Երբ Մարինե Պետրոսյանն ասաց՝ ինչ հիմարություն ես գրել, համաձայնեցի, բացատրեցի, որ ինձ համար եմ գրել, որ շունչս չկտրվի։
Հիմա շունչս էլ չի կտրվում։ Էլ ներկա շարունակական չէ․ անցյալ կատարյալ է՝ կտրվեց-պրծավ։
Կյանքին այո ասելու մասով մի նախադասություն եմ հիշում դպրոցական տեքստերից, որ ամեն տարի այլ դասարան տեղափոխվելիս, ինքը մեզ հետ տեղափոխվում էր ու մենք «Ես իմ անուշ Հայաստանի»-ի նման կրկնում էինք։ Նախադասությունը սա էր․ «Տոկուն հայ ժողովուրդը նորից ու նորից վեր էր հառնում ջարդերից ու կոտորածներից հետո»։ Հո չէինք ասում այս միտքը։ Էնքան էլ սիրուն էր թվում։
2020-ից հետո հասկացա, որ հայ հայ ժողովուրդը ոտքի չէր հառնում, այլ անջատվում էր ու ինքնահոսի մատնված ապրում․․․ ու ապրվում էր, բա ի՞նչ կարող էր արվել։
Ողբերգություն բառի դեմ հորինվեց պսևդոկենսունակության մի ոճ, թե ինչու եք սուգ պարտադրում, ինչքան կարելի է սգալ։ Լրիվ համաձայն եմ, սգալուց անիմաստ գործ չկա, դա հոգեէմոցիոնալ փուլ է, որ պետք է ապրել ու անցնել։ Իմ ասածն այլ է, և ավելի շատ մոտ է կենսունակությանը, քան սգամետությանը։
Կատարվածը ողբերգություն է։ Եթե պետությունը լիներ պետականամետ և օգներ իր շփոթված ժողովրդին հասկանալու, որ կատարվածը ողբերգություն է, կլիներ ոչ թե սուգ, այլ այն, ինչ լինում է ողբերգությունից հետո՝ կերպարանափոխություն։ Վերևում նշածիս նման, որը, իհարկե, պատկերավորության միջոց է ընդամենը, պիտի փոխվեինք․ միջակը դառնար անհատականություն, ծույլը՝ աշխատասեր, անհամարձակը՝ վրիժառու, մտածողը՝ գործնական, ինտրովերտը՝ աշխույժ, հարմարվողը՝ ընդվզող։ Որովհետև ողբերգություն է տեղի ունեցել․ երկիր է վերացել, հավանաբար՝ ընդմիշտ։
Ողբերգությունից հետո նոր կյանք է սկսվում։
Ողբերգություններից ամենասոսկալիները չեմ թվի, դրանք «վիդեոռոլիկներում» կգտնեք՝ տխուր մեղեդու կամ Սաշա Ստիպանակերտսկու երգերի ուղեկցությամբ։
Վերջին տեսածս սա էր․ «Տատիկ-պապիկ»-ի արձանի մոտ լուսանկարվող շատ ու աշխույժ ադրբեջանցի ջահելներն էին։
Ամառները որ գնում էի Ղարաբաղ, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Նորշեն գյուղում «տատիկ-պապիկ» էին ասում արձանին, «դեդո-բաբո» չէին ասում․ էդ հաստատ եմ հիշում։
«Վիդեոռոլիկ»-ում այդ երկու մարդը ահավոր մեղք էին մեջքից։ Լրիվ կենդանի մարդիկ էին՝ աշխույժ ադրբեջանցի պատանիների մեջտեղում։
Ռուսերեն բառերը ծաղրով եմ ասում, բայց մի ռուսերեն բառ մեր զրույցի ընթացքում ստեփանակերտցի մի շատ երիտասարդ աղջկա ասածից շատ եմ հավանել, պիտի օգտագործեմ․ «պատառ տաինստվեննի պիտի ինինք, մին ա՝ մըռնըլանընք։ «Պատառ»-ը մի քիչն է։ Հետո ասում եք՝ բարբառն անհասկանալի է։ Պատառ՝ մի կտոր։ Մի քիչ խորհրդավոր պիտի լինենք, մեկ է՝ մեռնելու ենք։
Ողբերգությունից հետո ոչ թե նոր կյանք է սկսվում և կյանքին ասում են՝ այո, այլ նոր մարդ է սկսվում՝ նույնքան անմիջապես, որքան տխրության ժամանակ բանաստեղծություններն են գրվում հիմա։
Եվ պարտադիր չէ, որ այդ նոր ձևը ուրախ լինի, այն կարող է բարդ լինել, օտար լինել, ծանր լինել, նույնիսկ շատ վատը լինել, բայց լինի նոր դինամիկայով, կատաղությամբ, նոր ջերմաստիճանով։
Ողբերգության միակ առավելությունը տխրության հանդեպ կատաղությունն է․ որ չունեցանք։
Գուցե, որովհետև ողբերգություն չէր։
Իսկ սա հենց դավաճանությունն էր։
Դավաճանությունը հենց սա էր, ոչ թե՝ դավադրության մեր չապացուցվող տեսությունները։
Նախևառաջ սա էր։
Լուսինե Հովհաննիսյան










