ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990-ի հուլիսի 20-ին։ Դեպի անկախություն Հայաստանին տարավ հենց այս խորհրդարանը։ Այն ընդունեց Անկախության հռչակագիրը, այնուհետև նշանակեց հանրաքվե ու հաստատեց դրա արդյունքները։ Ինչի՞ց սկսվեցին անկախության քննարկումները, ի՞նչ խնդիրների էր բախվում Գերագույն խորհուրդը, ի՞նչ քննարկումներ էին ընթանում անկախության մասին խորհրդարանում։ ՍիվիլՆեթն Ազգային արխիվում ուսումնասիրել է Գերագույն խորհրդի ձևավորման օրվանից նիստերի սղագրություններն ու Անկախության հանրաքվեի հաստատման նիստը։
Անկախության մասին առաջին քննարկումները՝ նոր ձևավորված Գերագույն խորհրդում
Գերագույն խորհուրդը ձևավորվեց Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում․ 1990-ին թեժանում էր Արցախյան ճակատը, Հայաստանում պարբերաբար տարբեր բնույթի քաղաքացիական բախումներ էին տեղի ունենում, խորհրդային իշխանությունը փորձում էր կանխել անկախացման գործընթացը։ Դրանով պայմանավորված՝ առավել քան խորն էր նոր ձևավորված Գերագույն խորհրդի և կառավարության որոշ մարմինների հակամարտությունը։
ԳԽ առաջին իսկ նիստին` 1990-ի հուլիսի 20-ին Ներքին գործերի մինիստրը խնդրում էր «Հոկտեմբերյանի շրջանում զինված ջոկատների կողմից զինվորական մասի վրա հարձակման և բանակցություններ վարելու համար դեպուտատական խումբ ստեղծել»։ Հետագա քննարկումները ցույց էին տալիս, որ այս ամենը պարզապես սադրանք էր, ընդ որում՝ կազմակերպված հենց մինիստրի կողմից՝ ԳԽ-ում։
Որպես բանակցող նաև խնդրել էին մեկնել Վազգեն Սարգսյանին, որը հրաժարվեց․ «Մի տասը հոգի նշվեց, պիտի գնա և բանակցություններ վարի Սամվելի հետ (ըստ հաղորդագրության՝ հարձակվողը Սամվել Մարգարյան անվամբ անձն էր)։ Ես կարծում եմ, որ սա իսկապես պառլամենտի աշխատանքները տապալելու փորձ է»,- հայտարարեց նա։

Պատգամավոր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բացեց փակագծերը․ «Սա քաղաքական սադրանք է և իրականացվում է սիստեմատիկ կերպով Հայաստանում։ Սա դրա օղակներից մեկն է, բայց մեզ համար ամենակարևորը սուվերենության ապացույցն է։ Ո՞րն է դա։ Հենց հիմա մենք պետք է որոշենք, որ խորհրդային բանակը, ում հրամանով էլ դա կուզի լինի, որևէ ինքնուրույն գործողություն իրականացնելու իրավունք չունի Հայաստանի տարածքում՝ առանց Հայաստանի Գերագույն խորհրդի որոշման։ Սա է ամենակարևորը»։
Արդյունքում ԳԽ-ն ընդունեց հայտարարություն, ըստ որի՝ «Խորհրդային բանակն ու Ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու որևէ գործողություն առանց ԳԽ որոշման»։
Ներքին գործերի մինիստր խորհրդարանում պատգամավորների շարունակում էր համոզել, որ Հայաստանում կան ջոկատներ, որոնք «հարձակվում են միլիցիայի շենքերի վրա։ Բնակիչները ահ ու սարսափի մեջ են»։
«Ինչո՞ւ են բոլոր դժբախտությունները այստեղ կենտրոնացել։ Նրանից չէ՞, արդյոք, որ թշնամին այստեղ է, մեզանում»,- հռետորական հարց բարձրացրեց պատգամավորներից Թելման Գդիլյանը։
Այս բոլոր քննարկումները հանգեցրին նրան, որ Գերագույն խորհուրդը որոշեց լուծել ուժային կառույցների հարցը։
«Մենք պետք է ունենանք բանակ։ Պետք է ազգայնացվի պետական անվտանգության կոմիտեն, կազմալուծվի ու ստեղծվի նորը, պետք է ազգայնացվի ՆԳՆ-ն»,- հայտարարում էր պատգամավոր Աշոտ Նավասարդյանը։
Բանակի հիմնում, ՆԳՆ-ի ու ՊԱԿ-ի կարգավիճակի փոփոխություն

Սեպտեմբերի 13-ի նիստի հարցերից մեկն էլ պաշտպանության նախարարության կազմավորման, ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության կոմիտեի կարգավիճակի մասին էր։ Հարցը ներկայացնում էր Վահան Շիրխանյանը։ Նախ առաջարկվում էր հանրապետության իրավասության տակ վերցնել ՆԳՆ-ն։
«Մենք որոշումը կարող ենք ընդունել, բայց պրոցեսը բավականին երկար է տևելու, որովհետև հարաբերությունների պարզաբանումը միության հետ բավականին ժամանակ է պահանջում»,- ասում էր Շիրխանյանը։ Նույնն էլ ՊԱԿ-ի մասով էր։
Մինչ այդ պատվիրակություն էր մեկնել Մոսկվա ու եկել նորություններով։ Պատգամավորներից Ալեքսանդր Մանուչարյանը դրա կազմում էր և փոխանցում էր դիրքորոշումը․ «Առաջարկվում է ստեղծել քաղպաշտպանության դիվիզիա, որի նյութատեխնիկական մատակարարումը իր վրա վերցնի Խորհրդային միությունը»,- ասում էր նա։ Մոսկվայից եկած առաջարկի բովանդակությունն էլ հետևյալն էր՝ եթե ստեղծեք նախարարություն, զենք չենք տա։ «Այսօր ԽՍՀՄ-ում կասկածով են նայում նրան, ով բանակ է ստեղծում, նա ով չի ստեղծում՝ նայում են ավելի լոյալ»,- ասում էր Մանուչարյանը։
Հանրապետական պատգամավոր Աշոտ Նավասարդյանը այս մասով քննադատական ելույթ ունեցավ․ «Մենք հայտարարել ենք, որ անկախություն է հռչակվելու հանրաքվեից հետո, այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն՝ մենք կոմիտե ենք ունենալու, միլիցիա, թե բանակ։ Այդ զենքը՝ որտեղից որ պետք է վերցնենք, վերցնելու ենք՝ որպես անկախ պետություն»։
Այս քննարկումները նորից հանգեցնում էին անկախության մասին քննարկումներին․ «Անկախության գործոնը մեր մեջ է թաքնված, մեր հանրապետության մեջ է թաքնված։ Ժողովուրդը հասկացավ, որ ձեռք բերելով անկախության էլեմենտներ, մենք կապացուցենք, որ այդ սոցիալական, տնտեսական, ազգային հարցերի լուծման համար ավելի լավ հնարավորություններ են ստեղծվում։ Մեր անկախությունը կախված է մեզանից, առաջին հերթին մեր ժողովրդից և շատ քիչ է կախված հռչակումից»,- հայտարարում էր պատգամավոր Էդուարդ Եգորյանը։
Զինված մարդ՝ Գերագույն խորհրդում
Ուշագրավ է Էդուարդ Եգորյանի հարցուպաատասխանի ժամանակ տեղի ունեցածը, որը վկայում է երկրում ստեղծված պայթունավտանգ վիճակի մասին։ Ըստ սղագրությունների՝ այդ ելույթի ընթացքում խորհրդարան է ներխուժում զինված անձ։ Սղագրության այդ հատվածը․
«Դահլիճից աղմուկ․
Բաբկեն Արարքցյան։ Մի րոպե, միկրոֆոնից խոսեք, որ բոլորը լսեն։
Արամայի Սահակյան։ Ի՞նչ է պատահել, կարո՞ղ է զինված է։
Խոսափոխից (չի ներկայանում)։ Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում բոլորից, մեծ գաղափարի տեր ունեցող մարդկանցից։ Այսօր ես խուլիգանական քայլ եմ կատարում, բայց այսօր մեր բոլոր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից։ Այսօր ես եկել եմ իմ հոգեպես տանջված հայ ժողովրդի անունից երկու խոսք ասելու․․․
Բաբկեն Արարքցյան։ Ասեք։ Պատգամավորներին խնդրում եմ նստել տեղում։
Պատգամավորները զբաղեցնում են տեղերը։
Խոսափոխից (չի ներկայանում)։ Ես իմ զենքը տղամարդավարի վայր եմ դնում։ Այսօր եթե մեկս մյուսիս չբուժենք հոգեկան աշխարհով, ուրեմն, կնշանակի մեր Հայաստանում կտիրի հիվանդություն»,- սղագրությունը ավարտվում է, պարզ չէ հետագա զարգացումները։
ՀՀ Անկախության հռչակագրի ընդունումը

Անկախության ծնունդը անհնարին էր առանց հռչակագրի ընդունման։ Այն ընդունվեց ԳԽ առաջին նստաշրջանում 1990-ի օգոստոսի 23-ի նիստին։ Դրա մշակումը սկսվել էր ավելի վաղ։
Հռչակագրի դրույթները քննարկվում էին կետ առ կետ։ Ընդունվում կամ մերժվում որոշները։
1990-ի օգոստոսի 21-ի նիստին օրինակ (նախագահող Լևոն Տեր-Պետրոսյան), առաջարկություն է հնչել հռչակագրի մեջ հետևյալ կետը ներառել․ «ՀՀ բոլոր օրենքները հենվում են մարդու իրավունքների հռչակագրի վրա և ապահովում են մարդու իրավունքների առաջնությունը պետության իրավունքների նկատմամբ»։ Այս առաջարկությունը, սակայն, չի ընդունվել։
Չէր ընդունվել նաև ՀՀ-ն ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի սեփականատերը դառնալու դրույթի ներառումը։
Հռչակագիրն ընդունման օրը՝ 1990-ի օգոստոսի 23-ին, մանրամասն քննարկեցին հռչակագրի վերնագիրը։ Եղան մի քանի առաջարկներ․ «Հռչակագիր Հայաստանի անկախ պետության մասին», «Հռչակագիր Հայաստանի Հանրապետության քաղաքական կարգավիճակի մասին» և «Հռչակագիր Հայաստանի պետական անկախության մասին»։ Այս բոլոր առաջարկները մերժվեցին ու ընդունվեցին ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»։ Հռչակագրի վերջնական բնագիրը ընդունվեց հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին։
Երբ Հայաստանի Հանրապետությունը վերանվանվեց
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն 1990-ի օգոստոսի 24-ին։ Այս որոշումը կայացվեց ԳԽ համապատասխան որոշմամբ։ Այնուհետև ընդունվեց ՀՀ պետական դրոշի մասին օրենքը։ Սկսվեց զինանշանի հարցի քննարկումը, պատգամավորներից Մեխակ Գաբրիելյանն առաջարկում էր որպես ՀՀ զինանշան ընդունել 1918-20-ին ՀՀ ժամանակավոր զինանշանը, այս առաջարկը չընդունվեց։
Նիստերին պարբերաբար զեկուցվում էր Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում տեղի ունեցող դեպքերի մասին։
Անկախության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները
Անկախության հանրաքվեի համար էական էր 1991-ի մարտի 1-ի նիստը, այդ նիստին ԳԽ-ն ընդունեց «1991-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը։ Մինչ այդ էլ գրանցված 183 պատգամավորները որոշեցին ՀՀ տարածքում չանցկացնել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ 1991-ի մարտի 17-ին ԽՍՀՄ հանրաքվեն։

Անկախության հանրաքվեն անցկացնելու օրվա մասով չկար մեկ միասնական մոտեցում, եղավ առաջարկություն վեց ամսից այն անցկացնել կամ հենց մարտի 17-ին, ապրիլ-մայիս ամսին, սեպտեմբերի 14-ին։ Ի վերջո ընդունվեց սեպտեմբերի 21-ի առաջարկությունը։
Խորհրդարանում նաև խոսվում էր ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների հաստատման մասին․ «Մենք արդեն պետություն ենք, Գորբաչովը մեզ համար հակառակորդ չէ, նա մեզ համար պետք է պարտնյոր դառնա, մենք նրա հետ պետք է պետական հարաբերություններ հաստատենք»,- ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հանրաքվեի համար չափազանց կարևոր էր նախապատրաստման և անցկացման միջոցառումների պլանը։ Ըստ այդ ուղեցույցի՝ տարբեր համայնքներում պետական մարմինները պարտավոր էին անցկացնել հանրահավաքներ, քննարկումներ, բաժանել հիշեցման թերթիկներ, ագիտացիոն հրապարակումներ իրականացնել թերթերում և այսպես շարունակ։
Սեպտեմբերի 23. Անկախության փաստը պաշտոնապես հաստատվեց
1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հաստատվեցին Գերագույն խորհրդի սեպտեմբերի 23-ի նիստին։ Նիստը վարում էր ԳԽ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղակալ Գագիկ Հարությունյանը։
Օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին»։
ԳԽ առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը հաղորդեց Հայաստանի Հանրապետությունում հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արդյունքների մասին։ Բուռն, երկարատև ծափահարություններ եղան։ Պատգամավոր Արամ Մանուկյանը հրապարակեց ՀՀ ԳԽ խորհրդի որոշումը՝ «ՀՀ անկախության հռչակման մասին»։ Գրանցվել էր 214 պատգամավոր։ Առաջարկություն եղավ «ՀՀ անկախության հռչակման մասին» ՀՀ ԳԽ որոշումն ընդունելու մասին։
Որոշումն ընդունվեց։ Նիստը փակվեց երկարատև, բուռն ծափահարություններով։
Ինչպես որոշվեց հենց սեպտեմբերի 21-ին նշել Անկախության տոնը
Իրականում ԳԽ-ում քննարկվում էր երկու ամսաթիվ՝ սեպտեմբերի 21-ը, թե՝ 23-ը՝ ԳԽ-ում փաստաթղթերի ընդունման օրը։ Ինչո՞ւ որոշվեց հենց սեպտեմբերի 21-ը։
«Երկար քննարկումները բերեցին այն եզրահանգման, որ ժողովուրդն իր կամքը ասել էր ամսի 21-ին։ Յուրաքանչյուրն իր մեջ անկախացել է ամսի 21-ին»,- սեպտեմբերի 24-ի նիստին հայտարարում էր պատգամավոր Գագիկ Հարությունյանը։
Խորհրդարան էին բերել օրենքի նախագիծ՝ «Սեպտեմբերի 21-ը հանրապետության տոն ընդունելու մասին», սակայն սրան դեմ էր Աշոտ Նավասարդյանը։

«Ինչո՞ւ պետք չէ կոչել «Անկախության օր», օրինակ։ Հանրաքվեով մենք ոչ թե որոշել ենք, որ սա հանրապետություն է, այլ որոշել ենք, որ անկախանում ենք»,- ասում էր նա։ Ավելի վաղ ԳԽ-ն Մայիսի 28-ն էր հայտարարել Անկախության օր, ուստի նա առաջարկում էր այդ տոնի անվանումը փոխել։ Պատգամավոր Ս․ Շահմուրադյանն էլ առաջարկում էր տոնը անվանել Ազգային մասնության օր․ «Երբևէ մեր ժողովուրդը այդչափ միասնական չի եղել իր գործողություններում, քան այդ օրը»։
Պատգամավոր Հայկ Չախոյանն էլ, ընդհակառակը, կողմ էր, որ լինի «Հանրապետության օր» տարբերակը․ «Անկախության օր, որ մենք ընտրել ենք մայիսի 28-ը, բնական երևույթ է։ Դա մեր ձգտումն էր, դա մեր պոռթկումն էր։ Եվ դա պետք է խորհրդանշվեր։ Այսօրվա համար կսազեր «Պետության օր» կամ «Հանրապետության օր»»,- ասում էր նա։
Ի վերջո որոշվեց քվեարկության դնել հարցը, թե ովքեր են կողմ, որ սեպտեմբերի 21-ը հայտարարվի տոն՝ ոչ աշխատանքային օր՝ առանց անունը նշելու։ Որոշումն ընդունվեց։
Այնուհետև տոնի անվանումը որոշեցին Տոների և հիշատակի մասին օրենքի քննարկման շրջանակում։
Հետագա քննարկումները
Ի դեպ, այդ նույն նիստին ԳԽ-ն որոշեց միանալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության փաստաթղթերին, հայտարարություն ընդունեց՝ ուղղված կազմակերպության մասնակից երկներին։
Այս հայտարարությամբ տեղեկացվում էր, որ հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները, 1991-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։ Հայաստանը ցանկություն էր հայտնում դառնալ անդամ երկիր։
Հետագա քննարկումներն արդեն սահմանադրության ընդունման մասին էին․ «Ծնվեց նոր որակը, առանց իր ծննդյան վկայականի, առանց իր հիմնական բնութագրիչների»,- սահմանադրության հարցի քննարկումը բնութագրում էր այդ ժամանակ Գագիկ Հարությունյանը։
Ուշագրավ է նաև այդ նիստերի ժամանակ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարության հետ առճակատման դրսևորումը։ Քննարկվում էր ղեկավարած կառավարության հարցը, Վանո Սիրադեղյանն էր հայտարարում․ «Մենք հոգնել ենք այդ անիշխանությունից։ Կառավարությունը այս մեկ տարում միայն անիշխանություն է ստեղծել Հայաստանում, որը մեկ բանով կարելի է բնութագրել՝ հարազատների, ընկերների, փողոցի, հարևանների կազմված այդ կաբինետ, մեկ բառով՝ «քուչի կաբինետ»։ Եվ դա պետք է գնա»։
***
Գերագույն խորհուրդը իր աշխատանքը սկսեց փշուր-փշուր հավաքելով պետական համակարգը՝ վավերացնելով անկախության հանրաքվեի արդյունքները, իսկ ավարտեց 1995-ին՝ Սահմանադրության հաստատմամբ։
Գլխավոր լուսանկարը՝ Արմենպրեսի
Գևորգ Թոսունյան











