Գևորգ Թոսունյան
Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում ակտիվացել են կասկածելի ծագմամբ սոցիոլոգիական կենտրոններ, որոնք անվստահելի տվյալների հրապարակմամբ փորձում են ազդել հանրային կարծիքի վրա։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է դաշտում հայտնված նոր կազմակերպություններին, նրանց կապը Ռուսաստանի հետ և խնդրի լուծման մոլդովական փորձը։
Ներկայում դաշտում գործում են մի քանի հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից, օրինակ, Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC Armenia) պահպանում են բոլոր նորմերն ու կանոնները։ Այդուհանդերձ, ՍիվիլՆեթի հետաքննությունը ցույց է տալիս, որ այս փուլում ակտիվացել են նաև կազմակերպություններ, որոնք փորձում են հանրային կարծիքի վրա ազդել հարցումների ոչ հավաստի ու անվստահելի արդյունքներով։ Նրանցից որոշներն ուղիղ առնչություն ունեն Ռուսաստանի հետ։
«Ֆոկուս» կենտրոնն ու ռուսական հետքը հայաստանյան հարցումներում
Հետխորհրդային երկրներում հանրային կարծիքի հրապարակումներ է անում Եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինք «Ֆոկուս» սոցիոլոգիական կենտրոնը։
«Ֆոկուս» սոցիոլոգիական կենտրոնի կայքը հայտնաբերել հնարավոր չեղավ։ Կենտրոնն ունի թելեգրամի էջ՝ ավելի քան 5,000 բաժանորդով։ Հենց այդ թելեգրամյան էջում է տեղադրում սոցիոլոգիական հարցումների մասին տեղեկատվությունը։
Հայաստանի ընտրությունների վերաբերյալ այս կենտրոնը երկու հարցումների արդյունքների մասին է հայտարարել, որոնցից առաջինը, ըստ հայտարարության, վերաբերում էր 2024-ի նոյեմբերի 15-ից մինչև 2025-ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածին։ Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, թե կատարվել է անհամեմատ ծավալուն աշխատանք՝ ամբողջ Հայաստանի տարածքով։ Ընդ որում՝ քաղաքական առաջնորդների վերաբերյալ հարցումները զուգորդվում են ՌԴ-ի նկատմամբ բարձր և, ընդհակառակը, ԵՄ-ի նկատմամբ ցածր վստահության արդյունքներով։
Երկրորդ հարցումը հրապարակվել է մայիսի 12-ին, որն այնուհետև դարձավ ռուսական լրատվամիջոցների քարոզչական նյութերի հիմք։
«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը մեզ հետ զրույցում ևս կասկած հայտնեց այս դաշինքի վերաբերյալ։
«Ես էլ եմ տեսել նրանց հրապարակումները։ Ես ինքս չկարողացա գտնել, թե ինչ դաշինք է: Նրանք ոչ հասցե ունեն, ոչ էլ հեռախոսահամար»,- ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ անկախ հանգամանքից՝ մասնագիտական սոցիոլոգիական ծառայությունները հանրությանն ուղորդելու նպատակ ունեն, թե՝ ոչ, արդյունքները, բնական է, որ այդ նպատակով կօգտագործվեն։
Տարբեր իրադարձություններից, հիմնականում ընտրություններից առաջ «Ֆոկուս» կենտրոնն ակտիվանում է ու սկսում սոցիոլոգիական հետազոտություններ հրապարակել ռուսամետ ուժերի օգտին։ Այնուհետև այդ տեղեկատվությունն ակտիվ տարածում են ռուսական ու Հայաստանում գործող ռուսամետ պարբերականներն ու կայքերը։ Այդ հրապարակումները ակտիվ տարածում են՝ Голос Армении, Arminfo-ն և ռուսամետ տասնյակ տելեգրամյան էջեր։
Ինչ է ցույց տալիս այս ալիքի ուսումնասիրությունը
ՍիվիլՆեթը վերլուծեց Եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինք «Ֆոկուս» սոցիոլոգիական կենտրոնի տելեգրամյան ալիքի գրառումները, ինչպես նաև Հայաստանում գործող ռուսամետ և ռուսական կայքերի ու պարբերականների վերահրապարակումները։ «Ֆոկուսը» գործունեությունը սկսել է 2022-ի դեկտեմբերից։
Ալիքի հրապարակած «հարցումներում» միշտ առաջ է քաշվում Ռուսաստանի հետ դաշինքի անայլընտրանք լինելու թեզը, իսկ արևմտյան ինստիտուտները նսեմացվում են։ Օրինակ՝ հայերի մեծամասնությունը (74%) կտրուկ ընտրության դեպքում կնախընտրեր ԵԱՏՄ-ն, այլ ոչ թե ԵՄ-ն: Ռուսաստանը նշվում է որպես «Հայաստանի ամենաօգտակար արտաքին գործընկեր»։
Ալիքը հաճախ թույլ է տալիս ոչ պրոֆեսիոնալ, ծաղրական և քարոզչական բառապաշար սոցիոլոգիական տվյալները վերլուծելիս։ Օրինակ՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին խոսելիս նրանք գրում են, որ հարցվածների «միայն 22%-ն է ժանյակավոր վարտիքների և եվրաինտեգրման սիրահար» (любители кружевных трусиков и евроинтеграции)։
Ընտրություններից առաջ «Ֆոկուսը» զբաղվում է կոնկրետ ռուսամետ և ընդդիմադիր գործիչների վարկանիշների արհեստական ուռճացմամբ՝ միաժամանակ արձանագրելով իշխանությունների «աղետալի անկում»։ Օրինակ, նրանք ակտիվորեն առաջ են մղում ռուսաստանաբնակ գործարար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին, իսկ 2024-ի մայիս-հունիս ամիսներին, երբ ակտիվացավ Բագրատ արք․ Գալստանյանը, պարբերաբար բարձր վարկանիշներ էին վերագրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարին։

«Ֆոկուս»-ը մեկուսացված չի գործում։ Այն ռուսական տելեգրամյան ցանցի մի մասն է։ Կենտրոնին պարբերաբար միանում են նաև ռուսամետ քարոզչական ալիքներ, ինչպիսիք են՝ «Товарищ генерал», «Цицак | ԾԻԾԱԿ», «Хроники Армении», «Армбриф», «Дежурный по СНГ» և այլն։
2023-ին ալիքը հրապարակել է պարզաբանում՝ պնդելով, որ իրենց ամբողջ աշխատանքն արվում է «կամավորական հիմունքներով՝ հիմնական աշխատանքից ազատ ժամանակ»։ Այս պնդումն էլ հակասում է մեկ այլ հրապարակման հետ իբր իրականացվել են տարբեր երկրներում հարցումներ՝ 1200-1600 անձանց ընտրանքով՝ կարճ ժամանակում։ Նման ծավալի և օպերատիվության աշխատանքը պահանջում է հսկայական ֆինանսական միջոցներ և խոշոր զանգերի կենտրոններ, ինչը ֆիզիկապես անհնար է առանց պաշտոնական գրանցման կամ գրասենյակի։ Նման իրավիճակ եղել է նաև Մոլդովայում, որին անդրադառնում ենք առանձին բաժնով։
«Էմպիրիկա» հետազոտական կենտրոնն ու հարցման մեթոդաբանությունը
Սոցիոլոգիական հարցումների «թվերը հայտարարվում են պատվերով»․ սա Ուժեղ Հայաստանի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչած միտքն է։ Նա որպես օրինակ բերում է «Գելափ» ընկերությանը (նկատի ունի «Էմ փի ջի» ՍՊԸ-ն, որը Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է)՝ ասելով, որ համապատասխան գումարի դիմաց կարելի է պատվիրել ցանկացած թիվ, և ընդամենը օրեր անց կհայտարարվի, որ իր թիմն ունի 70 տոկոս վարկանիշ, իսկ իշխող կուսակցությունը («Քաղաքացիական պայմանագիրը»)՝ ընդամենը 2 տոկոս։
Այս հարցազրույցից մեկ շաբաթ անց «Ուժեղ Հայաստանը» հրապարակեց մի հարցում, որի համաձայն Սամվել Կարապետյանի օգտին կքվեարկեին հարցվողների 41 տոկոսը, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ 36,3 տոկոս։
Տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանի» հրապարակած հարցման հեղինակը ոչ թե Գելափն էր, այլ «Էմպիրիկա» հետազոտական կենտրոնը։ Ըստ կազմակերպության կայքէջի՝ այն ստեղծվել է 2014-ին։ «Էմպիրիկա»-ն ևս մեկ հարցում Ուժեղ Հայաստանի պատվերով կատարել էր այս տարվա սկզբին, որը համացանցում տարածվել էր 2026-ի մարտին։
ՍիվիլՆեթը պարզեց, որ հետազոտական կենտրոնի միակ բաժնետերը Մարիամ Մխիթարյանն է, նա ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս է։ Այս կազմակերպության կայքում հետազոտությունները չեն հրապարակվում, այլ տրամադրվում են պատվիրատուին։
ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան «Ուժեղ Հայաստանից» տրամադրեցին ամփոփագիր, որի համաձայն հարցումն իրականացվել է 2026-ի մայիսին։ Այստեղ կարևոր է հարցի ձևակերպումը, ըստ այդմ՝ նախատեսվում է երկու ընտրության տարբերակ՝ կամ Սամվել Կարապետյան, կամ էլ Նիկոլ Փաշինյան։
Հայկական «Գելափ»-ն ու այլք
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական հարցումներ հրապարակող կազմակերպությունների շարքում ակտիվ է «Էմ փի ջի» ՍՊԸ-ն, որը Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է երկրում։ Ապրիլի 7-ին հարցման արդյունքներ էր հրապարակել, ըստ որոնց՝ հարցվածների 24,3 տոկոսը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 13,4 տոկոսը նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ ևս գրանցել է դրական աճ: 7,9 տոկոսը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինքին քվեարկել է 5,5 տոկոսը։
Այս ընկերության տվյալները հանրությանը հաճախ ներկայացվում են որպես «Գելափի» հարցումներ, սակայն առաջին հիմնական մոլորությունը հենց հայաստանյան այս ընկերության և ամերիկյան հանրահայտ Gallup Inc-ի նույնականացումն է։
Տարիներ առաջ Nouvelles D’Armenie պարբերականի հրապարակած հետաքննությունը ցույց տվեց, որ տեղական ընկերությունը կապ չունի Gallup Inc-ի հետ։
«Էմ փի ջի» ընկերության իրական շահառուն և միակ բաժնետերը Արամ Նավասարդյանն է։ Դեռ 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ ՍիվիլՆեթն անդրադարձել էր այս կազմակերպությանը։
Մեկ այլ նախաձեռնություն, որն ակտիվանում է ընտրություններից առաջ, «Ազատ սոցիոլոգիա» քաղաքացիական նախաձեռնությունն է։ Այս նախաձեռնության կայքը հնարավոր չեղավ գտնել, բայց նրա հարցումներն ակտիվ տարածվում են տարբեր կայքերում։
Ապրիլի 6-ին, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների խումբն էր տարածել այս նախաձեռնության հարցումներից մեկի արդյունքները, ըստ որոնց՝ ամենաբարձր դրական վերաբերմունքը գրանցվել է հենց Ծառուկյանի նկատմամբ՝ 21%, Սամվել Կարապետյան՝ 17%, Նիկոլ Փաշինյան՝ 12%։ Այս տվյալներն ավելի վաղ հրապարակայնացրել էր ֆեյսբուքյան մի էջ՝ «Բիգուձի» անվամբ։
Ապրիլի 27-ին, սակայն, նույն կազմակերպության անունից հրապարակված հարցումների արդյունքներն այլ են եղել։ Տվյալ դեպքում՝ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ 17% ձայներով։ Ըստ «Ազատ սոցիոլոգիա» նախաձեռնության հարցման՝ Երևանում նրան հաջորդում են «Քաղաքացիական պայմանագիրը» (14%) և «Հայաստան» դաշինքը (12%)։
Սրանից զատ սոցիալական ցանցերում շատ են կեղծ սոցիոլոգիական հարցումներ հավաքող կայքեր ու էջեր։ Դրանք անգամ առաջարկում են որոշակի գումարի դիմաց կարծիքի հավաքագրում։ Այս էջերն ու կայքերը արագ ստեղծվում են ու անհետանում։


Մոլդովայի փորձը և կեղծ հարցումների մեխանիզմները
Կեղծ սոցիոլոգիական հարցումների միջոցով հանրային կարծիքը մանիպուլացնելու մեթոդաբանությունը նոր չէ և ակտիվորեն կիրառվում է նաև հետխորհրդային այլ երկրներում։ Մոլդովայի WatchDog վերլուծական կենտրոնի համահիմնադիր Անդրեյ Կուրարարուի խոսքով՝ երկրում ևս բախվում են կեղծ հարցումների և դրանց ոչ թափանցիկ ֆինանսավորման խնդրին։
«Եթե դուք Մոլդովայում հարցում եք անցկացնում, պետք է բացահայտեք, թե որտեղից են գալիս գումարները։ Կեղծ հարցումներ անողները նշում են, թե ֆինանսավորվում են ընկերության սեփական միջոցների հաշվին։ Բայց մեկ հարցումն արժե 15-20 հազար եվրո, և նրանք պարզապես այն հանում են իրենց գրպանից։ Դա ապալեգիտիմացնում է գործընթացը»,- նշում է վերլուծաբանը։

Բացի ավանդական հարցումներից, լայնորեն կիրառվում են առցանց և հեռախոսային հարցումները՝ որպես մանիպուլյացիայի և քարոզչության ուղիղ գործիք։ Ըստ Կուրարարուի՝ հարցադրումներն այնպես են ձևակերպվում, որ ստիպում են մարդկանց հավատալ որոշակի նարատիվների․ «Օրինակ՝ հարցնում են. «Գիտեի՞ք, որ Ռումինիան փորձում է գրավել մոլդովական եկեղեցիները: Այո, թե ոչ»։
Խնդրի լուծման և նման գործընթացները կանխելու համար մոլդովացի փորձագետներն առաջարկում են օրենսդրական խիստ կարգավորումներ սահմանել. «Մենք Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին առաջարկեցինք, որ ընտրական փուլում հարցումներ իրականացնել ցանկացող ընկերությունները պետք է գրանցվեն մեկ տարի առաջ և ներկայացնեն ֆինանսական հաշվետվություններ, որպեսզի պարզ լինի, որ նրանք գումարներ չեն ստանում Ռուսաստանից»։
Հարցումների հավաստիության մասին
Հարցումների տվյալների հավաստիության առանցքային խնդիրներից է գլխավոր համախմբի նկատմամբ ընտրանքի ներկայացուցչության ապահովումը։ Ընտրանքի սխալ կազմման կամ բնակչության անհամասեռությունն անտեսելու պատճառով հանրային կարծիքի ուսումնասիրությունները կարող են տալ շեղված կամ սխալ արդյունքներ, ինչի վկայությունն են նախկինում իրականացված մի շարք տապալված հարցումներ։
Հայաստանյան պայմաններում ընտրանք կազմելիս հաճախ անտեսվում է հանրության էթնոմշակութային և սոցիալական խայտաբղետությունը, ինչը նվազեցնում է հարցումների օգտակարությունն ու ստացված տվյալների հավաստիությունը։ Սոցիոլոգիական մշակույթի անբավարար մակարդակը և հավանականային գիտելիքի ընկալման բացակայությունը հող են նախապատրաստում հարցումների փաստն ու արդյունքները շահարկելու համար (աղբյուրը՝ Էդիկ Կյուրեղյան, «Հանրային կարծիքի հարցումներում տվյալների հավաստիության մասին»)։
Գևորգ Թոսունյան











