Գլխավոր Լրահոս

ԱՄՆ երկկուսակցական աջակցությունը Հայաստանին հնարավորության պատուհան է բացում

ԱՄՆ երկկուսակցական աջակցությունը Հայաստանին հնարավորության պատուհան է բացում

Սեպտեմբերի 10-ին Միացյալ Նահագների կոնգրեսի հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցան «Աջակցելով Հայաստանի ժողովրդավարությունն ու արևմտյան ապագան» վերտառությամբ լսումներ։ Լսումներին որպես վկա ելույթով հանդես եկա նաև ես։

Ի հեճուկս հայկական մեդիադաշտի «սառը» լուսաբանմանը՝ այս լսումները բավականին լուրջ իրադարձություն էին Հայաստանի համար։ Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանին նվիրված նախորդ նմանատիպ լսումներն անցկացվել էին 2019 թվականին՝ Թավշյա հեղափոխությանը հաջորդած իներցիայով։ 

Լսումները հաստատեցին այն կանխավարկածը, որ ամերիկյան քաղաքական վերնախավը մեր տարածաշրջանին ու Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը նայում է Արևմուտքի համար ավելի կարևոր հակամարտությունների դիտանկյունից, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի և Իսրայել-Գազա հակամարտության։ Հայաստանին նվիրված լսումներին կոնգրեսականների ելույթների զգալի մասը նվիրված էր Ուկրաինային և Իսրայելին։ 

Այդ ամենով հանդերձ, կոնգրեսական այդ լսումները կարող են լուրջ հնարավորություն դառնալ Երևանի համար Վաշինգտոնում Հայաստանի վերաբերյալ առկա մտածողությունը փոխելու և ավելի առարկայական արդյունքներ ստանալու համար։ 

Տարիներ շարունակ արևմտյան մայրաքաղաքներում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը լրջորեն խոչընդոտում էր այն մտայնությունը, թե Երևանի՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունները սահմանափակ են՝ Մոսկվայի չափազանց մեծ ազդեցության պատճառով։ Ավելին, Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր սահմանափակումներով։ 

Վերջին տարիների զարգացումներով պայմանավորված՝ այդ պատկերացումները դանդաղ փոխվում են, ինչը հնարավարություններ է ստեղծում Արևմուտքի և Հայաստանի միջև ավելի լուրջ փոխգործակցության համար։ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումները այդ փոփոխվող իրողությունների արտացոլումն էին։ Այն, որ այս փուլում Միացյալ Նահանգներում Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության հարցում երկկուսակցական կոնսենսուս է ձևավորվում, կարևոր զարգացում է։

Այս հանգամանքը մասնավոր զրույցում ընդգծվել է նաև Հելսինկյան հանձնաժողովի նախագահող Ջո Ուիլսոնի կողմից, որը լսումներից հետո հրավիրված խոսնակներիս հետ զրույցում նշեց, որ Ամերիկայի քաղաքական բևեռացվածության պայմաններում հանրապետականների և դեմոկրատների միակարծությունը որևէ հարցի վերաբերյալ բացառիկ երևույթ է։ 

Վաշինգտոնում Հայաստանի նկատմամբ այս բարենպաստ մթնոլորտը սակայն կարող է երկարատև չլինել։ Այդ առումով չափազանց կարևոր է, որպեսզի Երևանը ակտիվ քայլեր ձեռնարկի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի այս փոփոխությունը կապիտալիզացնելու համար։ 

Կոնգրեսական լսումների համար պատրաստած իմ ելույթում ես մի քանի ուղղություն եմ առանձնացրել, որոնցով կարելի է հասնել փոխգործակցության առարկայական խորացման։ Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները անվտանգության ոլորտում՝ Երևանը պետք է աշխատի Միացյալ Նահանգներից ռազմատեխնիկական և տեխնոլոգիական աջակցություն ստանալու ուղղությամբ։

Այս զգայուն ոլորտներում համագործակցությունը հնարավոր կդառնա, եթե Հայաստանը ԱՄՆ Ինդուստրիայի և անվտանգության բյուրոյի արտահանման կառավարման կարգավորումներում (Export Administration Regulations) երկրների «Դ» խմբից տեղափոխվի «Բ» խումբ։ Այս թեմայով Երևանի ու Վաշինգտոնի միջև վերջին ամիսներին քննարկումներ տեղի են ունենում, սակայն առաջընթացի համար ՀՀ կառավարությունը ավելի ակտիվ քայլերի պետք է դիմի։ 

Հայաստանում արցախցի փախստականների երկարաժամկետ ինտեգրման համար այս փուլում ԱՄՆ-ի կողմից հատկացվող գումարները ևս բավարար չեն։ Այս հանգամանքը փակ զրույցներում արձանագրում են նույնիսկ ամերիկյան որոշ պաշտոնյաներ։ Վաշինգտոնը, ակտիվորեն ներգրավված լինելով մի բանակցային գործընթացում, որի վերջնարդյունքը Արցախի էթնիկը զտումը դարձավ, ունի պատասխանատվության սեփական բաժինը փախստական դարձած բնակչության ճակատագրի համար։ 

Այս երկու ուղղություններից բացի, կան նաև այլ հարցեր, որոնց դեպքում ԱՄՆ աջակցությունը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար (ժողովրդավարական ինստիտուտների կայացում, տնտեսական ու էներգետիկ բազմազանեցում և այլն)։ 

Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ մտածողության փոփոխությունը Արևմուտքում, այս փուլում հնարավորությունների աննախադեպ պատուհան է բացվել այդ նպատակներին հասնելու համար։ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված կոնգրեսական լսումները այդ հնարավորությունների պատուհանի ինչպես հետևանքը, այնպես էլ ցուցիչն էին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում