ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
«Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:
Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- նշված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Ըստ թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև կարգավորման գործընթացում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել՝ «առանց նախապայմանների»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Թուրքիան սատարում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության և ամուր բարեկամության հաստատումը նոր փուլում»։ Նա վստահեցրել է, որ «Անկարան պատրաստ է աջակցել գործընթացին»։
Թուրքիայի ղեկավարը, ըստ հաղորդագրության, իր «անկեղծ աջակցությունն» է հայտնել Հայաստանի հետ երկխոսությանը։
Civilnet











