Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 27-ամյա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, մասնակցել է կառավարության՝ տնտեսական հարցերին նվիրված նիստին։ Գործադիրի նիստին նրա հայտնվելը հարցեր է առաջացրել նրա քաղաքական ներկայության աճի և ադրբեջանական քաղաքականության մեջ ապագա դերի վերաբերյալ:
Հինգշաբթի օրվա նիստին Ալիև կրտսերը մասնակցել է մոր՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։
Թեև հանդիպմանը նրա դերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն, ըստ Turan-ի տեղեկությունների, նա պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում։
Նրա ներկայությունը նիստին՝ այս տարվա պետական և հանրային միջոցառումների ժամանակ մեծ տեսանելիության ֆոնին, ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է դեր ունենալ Ադրբեջանի ղեկավարությունում:
Նախքան նախագահ դառնալը՝ Իլհամ Ալիևը ևս հոր՝ այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հետ հետ մի քանի պետական հանդիպումների էր մասնակցել։ Այն ժամանակ, երբ լրագրողները հարցնում էին, թե նա «նախագահի պաշտոնը կփոխանցի՞ Իլհամին», Հեյդար Ալիևը հրաժարվում էր պատասխանել՝ նման հայտարարություններն անվանելով «ընդդիմության առաջնորդների բամբասանք»։
Սակայն, երբ 2003-ին Հեյդար Ալիևի առողջական վիճակը վատացավ, վարչապետ նշանակվեց նրա որդին՝ Իլհամը։ Այդ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը հավաքեց ձայների ավելի քան 75%-ը։ Ընտրությունների դիտորդները պնդում էին, որ դրանք լի են եղել ընտրակեղծիքներով:
Հաշվի առնելով Հեյդար Ալիև կրտսերի վերջին ելույթները՝ ենթադրություններ են հնչում, որ նա կարող է նույն կերպ վարվել, որպեսզի ի վերջո զբաղեցնի հոր տեղը:

Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ Շուշիում։ Լուսանկարը՝ President.az-ի:
Ո՞վ է Հեյդար Ալիև կրտսերը
Ալիև կրտսերն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2010-ին, երբ 12 տարեկան էր։
Այն ժամանակ տեղական և միջազգային լրատվամիջոցները հաղորդում էին, որ նախորդ տարի՝ 2009-ին, Ալիև կրտսերը դարձել է Դուբայի ինը առափնյա առանձնատների սեփականատեր, որոնց արժեքը կազմում է մոտ 44 մլն դոլար կամ Ադրբեջանի միջին քաղաքացու «մոտ 10,000 տարվա աշխատավարձը»:
2017-ին Ալիև կրտսերն ավարտել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան՝ բարձրագույն կրթական հաստատություն, որն Ադրբեջանում ավարտում են առաջատար դիվանագետներ և պետական ծառայողներ: Համալսարանը սերտ կապեր ունի նաև Ալիևների ընտանիքի հետ։ Նրա հիմնադիրը և ներկայիս ռեկտորը Հաֆիզ Փաշաևն է՝ Մեհրիբան Ալիևայի հորեղբայրը։ Ինքը՝ Ալիևան, հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Հինգշաբթի օրվա նիստին Ալիև կրտսերի ներկայությունը տեղի է ունեցել ինչպես կառավարական, այնպես էլ հանրային միջոցառումների տեսանելիության ֆոնին։
Այս տարվա հունվարին Ալիև կրտսերը միացել էր հորը՝ նախագահ Իլհամ Ալիևին, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ դեմ առ դեմ բանակցությունների ժամանակ։ Ուշագրավ է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպմանը Ալիև կրտսերը ելույթ է ունեցել՝ միջազգային ասպարեզում:
Հաջորդ ամիս՝ փետրվարին, նա հորն ուղեկցել է մի ռազմական շարք միջոցառումների, այդ թվում՝ այցելելով Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օբյեկտ։
Հայր ու որդի վերջերս մասնակցել են նաև Ղարաբաղի համալսարանի բացման արարողությանը։
Այթան Ֆարհադովա, OC Media
Civilnet











