Ադրբեջանցի 43 պատգամավոր դիմել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով «վերանայել» երկրի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ դուրս գալ մի շարք ռազմական համաձայնագրերից։
Պատգամավորները հոկտեմբերի 5-ին ստորագրել են հայտարարություն՝ Բայրամովից պահանջելով դադարեցնել 1997-ին ստորագրված ապագա ռազմական և պաշտպանական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը և 2013-ին ստորագրված տեխնիկայի և փոխադարձ ծառայությունների ձեռքբերման մասին համաձայնագիրը։
Նրանք նաև պահանջել են անհապաղ դադարեցնել նոր համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները կամ գործող համաձայնագրերի երկարաձգումը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ-ում գործող այլ կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերը:
Պատգամավորների կոչն ի հայտ է եկել ի պատասխան հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 11 սենատորների և Ներկայացուցիչների պալատի 49 անդամների ստորագրած նամակի, որը պետքարտուղար Էնթոնի Բլինքենից պահանջում է «անհապաղ գործողություններ» ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ։
«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին ճնշում գործադրել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար՝ COP29-ում հաջող դիվանագիտության համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ամերիկացի օրենսդիրները, վկայակոչելով Human Rights Watch-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների վերջին զեկույցը, նշել են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մնում է «խորապես մտահոգիչ՝ առանց բարելավման»:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է 2020-ին Ադրբեջանի լայնածավալ ներխուժումը Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի զտումը, որը «միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և հանգեցրել է էական և շարունակական մարդկային տառապանքի»:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդարանում մեկնաբանել է նամակը։ «Այս առավոտ ես հայացք գցեցի այդ կոչին. դա կեղտոտ կոչ է, որը չի կարող ազդել մեր կամքի վրա»,- ասել է նա։ Նա նաև պնդել է, որ բողոքի իրական հեղինակը հենց ԱՄՆ Պետդեպարտամենտն է:
«Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեզ մեղադրեն։ Ի վերջո, ի՞նչ ենք մենք արել։ Մենք ազատագրել ենք մեր հայրենի հողերը։ Այստեղ հայ ապրու՞մ է։ Ո՛չ, դուք, Ջաբրայիլի բնակիչնե՞րն եք»։
Բայրամովին ուղղված կոչը չստորագրած ադրբեջանցի պատգամավոր Էրկին Գադիրլին ասել է, թե ԱՄՆ-ը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զրպարտում են Ադրբեջանին»։ Նրանք Ադրբեջանին մեղադրում են էթնիկ զտումների մեջ։ Ինչո՞ւ են գրում Ղարաբաղի մասին, եթե ուզում են կարևորել մարդու իրավունքների խնդիրները»։
Գադիրլին նշել է, որ թեև Ադրբեջանում մարդու իրավունքների հարցում համաձայն է ԱՄՆ կոչին, սակայն չի կարծում, որ ԱՄՆ-ը դրանով հարգել է Ադրբեջանի ինքնիշխանությունը։
«Նրանք խառնում են կետերը, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հայերի դեմ, թե մենք չենք ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և մենք հայերի էթնիկ զտում ենք իրականացրել»,- ասել է Գադիրլին՝ հավելելով, որ նույնիսկ իր նման մարդու համար այդ կոչը [ամերիկացի օրենսդիրների] «զզվելի» է թվում։
Այթան Ֆարհադովա, OC Media
Civilnet











