Գլխավոր Լրահոս

Մայր օրենքն ու Անկախության հռչակագիրը. ՍԴ որոշման շուրջ պնդումների հետքերով

Մայր օրենքն ու Անկախության հռչակագիրը. ՍԴ որոշման շուրջ պնդումների հետքերով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության  կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ 

Այս որոշման մեջ ՍԴ-ն առանձին անդրադարձել է սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրին և դրա՝ Սահմանադրության բովանդակության ազդեցությանը։

Որոշման մեջ նշվում է, որ անդրադարձը կատարվել է՝ հաշվի առնելով 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, որը հիշատակված է Հռչակագրի նախաբանում, և Հռչակագրի՝ Սահմանադրության բովանդակության վրա հնարավոր ազդեցության հարցի վերաբերյալ մինչ այսօր Սահմանադրական դատարանի դոկտրինալ դիրքորոշման բացակայությունը։ 

«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե որքանով է Կանոնակարգով նախատեսված՝ ՀՀ տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը (1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի իմաստով՝ «գոյություն ունեցող սահմաններ») համապատասխանում Սահմանադրությանը»,- ասվում է որոշման մեջ։

ՍԴ-ի որոշումը լրատվամիջոցներում և քաղաքական գործիչների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում՝ ընդհուպ պնդում է արվում, որ ՍԴ-ն իրավասու չէ մեկնաբանել Անկախության հռչակագիրը կամ այդ որոշմամբ չեղարկվել է հռչակագիրը։

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով՝ խոսելով ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

ՍԴ-ն, իր որոշման մեջ քննելով Սահամանդրության և Անկախության հռչակագրի դրույթներն ու կետերը, սահմանել է, որ Հռչակագիրը և Սահմանադրությունը ունեն բովանդակային համընկնումներ և տարբերություններ, սակայն Հռչակագիրը չի հանդիսանում Սահմանադրության ուղղակի մասը:

Փաստացի այս որոշմամբ ՍԴ-ն եզրակացրել է, որ Հռչակագրի դրույթները չեն կարող համարվել Սահմանադրության բովանդակային մասը, եթե դրանք հստակ ամրագրված չեն մայր օրենքում։

ՍԴ-ն չեղարկե՞լ է Անկախության հռչակագիրը

Լրատվամիջոցները և սոցցանցերում մեծ լսարան ունեցող անձինք որոշումը տարածում էին «ՍԴ-ն չեղարկել է Անկախության հռչկագիրը» ձևակերպումներով։ 

Ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի, սակայն, այս ձևակերպումը սխալ է։ Նրա կարծիքով՝ ՍԴ-ն ոչ թե չեղարկել է Հռչակագիրը, այլ համազգային նպատակների վերաբերյալ դրույթին տվել է այնպիսի մեկնաբանություն, որ փաստացի համազգային նպատակները առոչինչ են դարձել։

«Պատկերավոր ասած՝ ինքը ոչ իրավաբանորեն չեղարկել է»,- նշում է Վարդան Պողոսյանը։

Լուսանկարում՝ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը

Փաստաբան Արամ Օրբելյանը ևս նշում է, որ ՍԴ-ն իր որոշմամբ ասել է, որ հռչակագիրը որպես իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ այլևս որպես Սահմանադրության մաս գոյություն չունի (1995 թվականից)։

«Հետևաբար, որ մամուլում գրել են «չեղարկել» է, տեխնիկապես ճիշտ են գրել»,- ասաց Օրբելյանը։

Լուսանկարում՝ փաստաբան Արամ Օրբելյանը

ՍԴ-ն իրավասո՞ւ է մեկնաբանել Անկախության հռչակագիրը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ՍԴ-ն լիազորություն չունի մեկնաբանելու Անկախության հռչակագիրը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ևս ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՍԴ-ն իրավասություն չունի պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը։ 

Էկրանապատկերը՝ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Մինչդեռ, դեռևս 2010-ին Սահմանադրական դատարանը մեկնաբանել էր Անկախության հռչակագիրը՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելով հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները։

Փաստաբան Արամ Օրբելյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ևս կարծում են, որ ՍԴ-ն կարող է մեկնաբանել Անկախության հռչակագիրը։

«Սահմանադրական դատարանը, բնականաբար, իրավասու է մեկնաբանել Սահմանադրության ցանկացած դրույթ, այդ թվում՝ Անկախության մասին հռչակագրի հետ կապված դրույթները, որոնք վերաբերում են հիմնարար սկզբունքներին կամ համազգային նպատակներին»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ ՍԴ-ն իրավասու է մեկնաբանել Սահմանադրությունը և դրա մաս կազմող ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը։

«Եթե ՍԴ-ն գտնի որ Սահմանադրության մաս է կազմում այլ փաստաթուղթ նույնպես, դրանք նույնպես կարող են մեկնաբանվել»,- նշում է Արամ Օրբելյանը։ 

Իսկ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը գտնում է, որ ՍԴ-ն մեկնաբանել է ոչ թե հռչակագիրը, այլ նախաբանը, թե նախաբանի համար հռչակագրի այդ կետը կարևոր է, թե ոչ։

Լուսանկարում՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

Սահմանադրության մեջ Հռչակագրին հղումը դրան իրավական ու՞ժ է տալիս

ՍԴ որոշման մեջ ասվում է, որ 1995-ին Սահմանադրությունն ընդունելուց հետո «Սահմանադրությունը եղել է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող միակ իրավական ակտը»։ Այսինքն, ըստ ՍԴ-ի, Սահմանադրությունն ընդունելուց հետո Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական ուժ, որոնք տեղ են գտել Սահմանադրությունում։ 

Միևնույն ժամանակ, Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, նշվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները [...] հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: 

Փաստացի, ասվում է, որ Անկախության հռչակագրում ամրագրված նպատակներն ու սկզբունքները պետք է որպես հիմք ընդունել։ 

Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Փաստաբան Արամ Օրբերլյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ 1990-ին, երբ սահմանադրական հանձնաժողով է ձևավորվել։ Հանձնաժողովը քննարկումների արդյունքում հաստատել է այն մոտեցումը, որ հռչակագրում նախատեսված համազգային նպատակները պետք է ներառվի Սահմանադրության մեջ։ Սահմանադրության տեքստը չծանրաբեռնելու նպատակով կիրառել է իրավաբանական հնարք՝ հղում, որի միջոցով հռչակագրում ներառված համազգային նպատակները ներառվել են Սահմանադրությունում։

«Ավելին, հենց այն փաստը, որ հղումը տվել է նպատակներին, ցույց է տալիս որ ինքնին սահմանադիրը դիտարկել է  հնարավորություն, որ որոշակի այլ նպատակ չհանդիսացող կարգավորումները Սահմանադրության և հռչակագրում կարող են տարբերվել»,- նշում է Արամ Օրբելյանը։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նույնպես կարծում է, որ Սահմանադրության նախաբանի մեջ մտցված հղումը բավարար է։

«Սահմանադիրը որևէ նպատակ չի ունեցել այդ ժամանակ կամ հետագայում այդ նպատակները ինքը Սամանադրության առանձին հոդվածներով ամրագրի։ Իրենք մտածել են և ելել են նրանից, որ դա ամբողջությամբ բավարար է, եթե նախաբանում արվում է Անկախության հռչակագրին հղում»,- նշում է Պողոսյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով, սակայն, Անկախության հռչակագրում կան կետեր, որոնք պետականության հիմքում են դրված, բայց որոշները զուտ խորհրդանշական նշանակություն ունեն, նորմատիվ, արժեբանական նշանակություն չունեն։

Այսպիսով, ըստ մասնագետների, Սահմանադրական դատարանը իրավաբանորեն չի չեղարկել Անկախության հռչակագիրը, բայց որոշման մեջ նշել է, որ 1995-ի Սահմանադրության ընդունումից հետո այն դրույթները, որոնք Անկախության հռչակագրից չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, չունեն սահմանադրական ուժ։ Մասնագետները նաև կարծում են, որ ՍԴ-ն իրավասու է մեկնաբանել Անկախության հռչակագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում