Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը

Քննչական կոմիտեն պարզել է զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի ծառայակիցն է:
«Պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։ Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել»,- ասված է հաղորդագրությունում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Civilnet










