Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հոկտեմբերի 14-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը։ Քննարկվել են նաև «ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր»։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։
Civilnet










