Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրելու Հայաստանի առաջարկն անվանել է «անիրատեսական և տարօրինակ»։
«Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը ունեն նույն արժեքը և դրանք չի կարելի առանձնացնել։ Այդ տեսանկյունից Հայաստանի կառավարության այն մոտեցումը, թե ստորագրենք այն, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված հոդվածները թողնենք մեկ այլ շրջափուլի, անիրատեսական և տարօրինակ առաջարկ է, որը հեռու է իրականությունից և չունի նախադեպ»,- հոկտեմբերի 14-ին Բելգիայի նորանշակ դեսպանի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։
Հանդիպմանն Ադրբեջանի նախագահն իր բողոքն է արտահայտել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների «անվստահություն» առաջացնող բաղադրիչներից մեկը։
«Հեռադիտակային դիվանագիտությունը անընդունելի էր և դուրս էր բնական քաղաքական մշակութային չափանիշներից»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ հարցը Բաքուն կբարձրացնի Եվրամիության հետ բանակցություններում։
Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը հակադարձում է և հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում։
Civilnet











