Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է «պատրաստ լինել կանխարգելիչ քայլերի»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է «պատրաստ լինել կանխարգելիչ քայլերի»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ​​ուժերի սադրանքները», քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տալիս։

Հասանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում զորքերին հանձնարարել է «պահպանել մարտունակությունը մշտական ​​բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ռևանշիստական ուժերի ​​բոլոր հնարավոր սադրանքների դեմ պայմանական սահմանին»։

Այս հանձնարարականը տրվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանն ավելի վճռական սկսեց պահանջել հեռացնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից։ Այն քաղաքացիական դիտորդական առաքելություն է և տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Անցած շաբաթ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները ԵՄ դիտորդներին մեղադրեցին «հետախուզական տվյալներ հավաքելու» և «սադրանքներ նախապատրաստելու» մեջ։

Նախարարը նման հրահանգ է տալիս նաև այն ժամանակ, երբ խաղաղության գործընթացը, կարծես թե, մտել է փակուղի, այն բանից հետո, երբ Ադրբեջանը մերժեց Հայաստանի առաջարկը՝ ստորագրելու միջանկյալ պայմանագիր այն կետերի հիման վրա, որոնք երկու կողմերն արդեն համաձայնեցրել են, չնայած այս տարվա սկզբին Հայաստանը նման առաջարկ արդեն արել էր:

Երկուշաբթի երեկոյան Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Ադրբեջանը «վերջին պահին» հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նրա գործընկեր Սահիբա Գաֆարովան պետք է այս շաբաթ Ժնևում հանդիպեին Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում։

Նրանք նախկինում երկու անգամ հանդիպել են։

Անցյալ շաբաթ Հասանովն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե «թիվ մեկ առաջնահերթությունը մեր ռազմական հզորության բարձրացումն է», և որ «ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում»։

Իր ելույթում Ալիևը նաև մեղադրել է «արևմտյան պետություններին» Հայաստանին զինելու համար՝ ասելով, թե նրանք պետք է «նկատի ունենան, որ իրենք են անմիջական պատասխանատվություն կրելու հետագա բոլոր զարգացումների համար»։

Տրանսպորտային ուղիների վերաբացում

Հակասությունների առանցքային կետը շարունակում է մնալ առաջարկվող երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է ադրբեջանական էքսկլավ Նախիջևանը կապի Ադրբեջանի մնացած տարածքի հետ:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերջ դրած զինադադարի եռակողմ համաձայնագրի 9-րդ հոդվածում ասվում է, որ Հայաստանը պետք է «երաշխավորի երթուղու անվտանգությունը», իսկ դրա վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները։

Ադրբեջանն անտեսել է համաձայնագրի առանցքային մասերը՝ նախ շրջափակման մեջ դնելով Լաչինի միջանցքը, որը կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ապա 2023-ի սեպտեմբերին ռազմական հարձակում սկսելով երկրամասի վրա, ինչը հանգեցրեց հայ բնակչության զանգվածային տեղահանման։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը, որը համաձայնագրով տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում, նույնպես դուրս է բերվել։

Թեև Ադրբեջանի իշխանությունները վերջին ամիսներին մեղմել են իրենց պահանջները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում, նրանք նախկինում սպառնացել են բռնի ուժով բացել այդ միջանցքը։

Հոկտեմբերի 12-ին ելույթ ունենալով Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «անընդունելի է» կենտրոնանալ համաձայնագրի 9-րդ հոդվածի վրա, երբ մյուս կետերը խախտվել են։

Նա նշել է, թե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի ճանապարհներն «իր համար օգտագործելի լինեն, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի շրջափակված մնալ»։

Փաշինյանը կրկնել է իր առաջարկը, որ երկու երկրները բացեն իրենց սահմանները միմյանց առջև Հայաստանի ներսում գտնվող ցանկացած ճանապարհով, որը կմնա հայկական վերահսկողության տակ։ Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել «այս ճանապարհով անցնելու և վերահսկողության որոշակի պարզեցումներ»։ Նա նաև ասել է, որ սահմանների բացումը կարող է «միլիարդավոր դոլարներ» բերել Հայաստանին, և հենց դա կարող է լինել Ադրբեջանի մտահոգությունը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով «ձեռնպահ մնալ հայտարարություններ անելուց, որոնք անցնում են բոլոր սահմանները [և] խեղաթյուրում իրականությունը»։

Հաջիզադեն մեղադրել է Հայաստանին 2020-ի համաձայնագրի պահանջները չկատարելու մեջ և դատապարտել «Հայաստանի ղեկավարությանը ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում դրսևորած անփութության համար»։

Նա նաև արձագանքել է Հայաստանի պնդմանը, թե Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ հակառակ համաձայնագրի՝ հայտարարելով, որ Ադրբեջանը «որևէ պարտավորություն չունի ազատ արձակելու ռազմական հանցագործներին կամ հայկական ծագումով անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի պատասխանել է, թե «պարզ է», որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ կբացի Ադրբեջանի հետ «իր իրավասության և ինքնիշխանության շրջանակներում»։

Նախարարության խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն առաջարկել է սկսել սահմանների բացման գործընթաց։

Ռուսաստանը ևս շարունակ բարձրացնում տնտեսական և տրանսպորտային ուղիների վերականգնման հարցը։ Հոկտեմբերի 8-ին փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դժգոհել է, որ «առնվազն մեկուկես տարի» այս հարցում «գրեթե տեղաշարժ» չի եղել։

Նա հավելել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ի նոյեմբերի համաձայնագրի ստորագրումից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերություններն աստիճանաբար վատացել են։ Արդյունքում, Հայաստանի իշխանությունն սկսել է հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքին թե՛ իր անվտանգության կարիքների, թե՛ Ադրբեջանի հետ հակամարտության միջնորդության համար։

Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել «տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ռուսաստանյան որոշ պաշտոնյաների բառապաշարի ու ձևակերպումների վերաբերյալ»։

Օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին մեղադրել էր երկրի հարավում տարանցիկ ուղիներ բացելու վերաբերյալ պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։
Արշալույս Բարսեղյան, OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում