Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատարը և ծառայակիցը

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Աղասի Դալլաքյանի դին հայտնաբերվել էր հոկտեմբերի 13-ին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։
Կոմիտեն պարզել է, որ Աղասի Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով։
«Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված AKM տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet










