Վարչապետին ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների նոր ցուցակ է ներկայացվել

Գևորգ Թոսունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաստատմանն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցանկ։ Այս մասին հայտնում է թեկնածուների ընտրության հանձնաժողովը։
Նոր ցուցակում Վիգեն Քոչարյանին փոխարինել է Աննա Մարգարյանը։ Մյուս երկու թեկնածուներն են Վահե Գրիգորյանն ու Նորա Կարապետյանը։
Արդեն 21 օր է՝ ՄԻԵԴ-ում Հայաստանը դատավորի պաշտոնը թափուր է. նախկին դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։
Ուշագրավ է, որ հանձնաժողովը նման որոշում է կայացնում ՄԻԵԴ-ին թեկնածուների ներակայացման պաշտոնական գործընթացի ավարտից ամիսներ անց․ ապրլի 16-ին հանձնաժողովը միաձայն ընտրել էր երեք թեկնածուների։ Այնուհետև ապրիլի 26-ին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատվել էր վարչապետի որոշմամբ։
Թեկնածուների մասին պետք է նախ Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտներ, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացներ դատավորի ընտրությունը:
Չի բացառվում, որ թեկնածուների և մրցույթի ընթացքի մասով հարցեր են առաջացել, ինչի պատճառով էլ նոր թեկնածուների ցանկ է ուղարկվում ՄԻԵԴ։
Ավելի վաղ ՍիվիլՆեթը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փորձել էր պարզել, թե արդյոք ԵԽԽՎ-ի կողմից հավելյալ հարցեր կամ առարկություններ եղել են։ Մենք պատասխան էինք ստացել, որ հարցումներ ուղղվել են․ «Այդ հարցումները, սակայն, կատարվում են գաղտնապահության սկզբունքով, և դրանց բացահայտումը կխախտի ՀՀ կառավարության՝ նշված սկզբունքի պահպանման պարտավորությունը»,- հայտնել էր ներկայացուցչությունը։
Սիվիլնեթը նաև արձանագրել էր, որ Հայաստանում իրականացված մրցույթի շրջանակում եղել են խնդիրներ։
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










