Գլխավոր Լրահոս

Մարտակերտի քաղաքապետն արդարացվեց․ ի՞նչ է սպասվում մյուս քաղաքապետներին

Մարտակերտի քաղաքապետն արդարացվեց․ ի՞նչ է սպասվում մյուս քաղաքապետներին

Հայկ Ղազարյան

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այդ մասին Ֆեյսբուքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, գրառում արեց Գյուրջյանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Գյուրջյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և Ասկերանի քաղաքապետ Հայկ Շիրինյանի քրեական գործերը նույնական են։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու և իրենց անունով մեքենաներ գրանցելու համար։ Ըստ իրավապաշտպանների՝ Քննչական կոմիտեն իրավական այդ խնդիրը, որի մասին նաև բարձրաձայնել էին քաղաքապետները, հիշել ու քրեական տեսք էր տվել Բագրատ սրբազանի ցույցերից առաջ՝ իմանալով, որ քաղաքապետները աջակցում են ընդդիմությանը։

Քաղաքապետ Միշա Գյուրջյանը մայիսի 25-ին ձերբակալվել էր «փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար»: Խոսքը 1,9 մլն դրամ արժողությամբ Chevrolet Lacetti մակնիշի ավտոմեքենայի մասին էր։

Ըստ ՔԿ-ի՝ քաղաքապետը այլ անձանց հետ կեղծել է փաստաթղթեր և դրանք օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մինչդեռ դատարանը որոշեց, որ Գյուրջյանը իրեն մեղսագրվող արարքը չի կատարել։ 

Փաստաբան Արսեն Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց այս դատավճռի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ արցախցիների տեղահանությունից հետո համայնքի ղեկավարները չեն կողմնորոշվել՝ ինչ իրավական հիմք ունեն իրենց հետ տեղափոխված մեքենաները, որոնք Արցախում համայնքային գույք էին։ Նրանք փորձել են խնդրի լուծման ուղղությամբ մանրամասներ ճշտել, սակայն Հայաստանի համայնքային և պետական կառույցները որևէ հստակ պատասխան չեն տվել․ «Այդ ընթացքում առաջացել են հարցեր տեխզննման ու ապահովագրության հետ կապված։ Տեխզննում կատարելու համար պիտի զրոյական տեղեկանք ներկայացնես, որ գույքահարկի վերաբերյալ պարտք չունես։ Դե, բնականաբար, Մարտակերտ համայնքը չէր կարող նման տեղեկանք տալ։ Իսկ եթե տեխզննում չես կատարել, 100 հազար դրամով տուգանվում ես»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ հիմքով քաղաքապետին տուգանել էին։ 

«Կառավարության հետ երկար քննարկումներից հետո որոշել են ժամանակավորապես մեքենաները դարձնել համայնքի ղեկավարների, այսպես ասենք՝ ամենալեգիտիմ մարդկանց անունով, որպեսզի կարողանան ապահովել շահագործման կանոնները»,- ասաց փաստաբանը։

Այնուհետև իրավապահները, ըստ Բաբայանի, հենց հանրահավաքների ժամանակ հիշել են այս խնդրի մասին ու արդեն քրեական հանցանքում մեղադրել քաղաքապետին․ «Ստացվել է այնպես, որ հենց հանրահավաքների ժամանակ, իշխանությունը որոշեց համայնքի ղեկավարների նկատմամբ հետապնդում սկսել, որպեսզի արցախցիները վախենան հանրահավաքներին մասնակցելուց»։

Արցախի համայնքապետները ձերբակալվել էին «Սրբազան պայքար» շարժման ցույցի նախօրեին, որը տեղի ունեցավ մայսի 26-ին Հանրապետության հրապարակում։  

Այդ նույն օրը՝ մայիսի 25-ին ձերբակալվել էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, իսկ մայիսի 23-ին ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շիրինյանը։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն է կատարել՝ պատրաստելով կեղծ փաստաթղթեր։ Ավելի պարզ՝ Ստեփանակերտ համայնքին պատկանող ավելի քան 19 միլիոն արժողությամբ 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մեկ «Տոյոտա» ու մեկ «ՈւԱԶ», բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։ Ասկերանի քաղաքապետն էլ, ըստ Քննչականի, համայնքի «Նիվան» հափշտակելու համար է կալանավորվել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս հայտնեց, որ այս երկու քաղաքապետները Միշա Գյուրջյանի օրինակով կարդարացվեն։ 

«Բոլորի գործերը նույնանման են, նույն քաղաքական հետապնդումն է, նույն ժամանակ հիշել են, որ ամիսներ առաջ փաստաթղթային խնդիր է եղել։ Տարբերությունն այն է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի հնարավորությունները մի քիչ ավել են և խոսքը մի քանի, ոչ թե մեկ մեքենայի մասին է։ Բայց մենք ի սկզբանե տալիս էինք հարցեր, որոնց պատասխանները չկային։ Ամենաառաջինը՝ ո՞վ է տուժողը։ Չկան այդ հարցերի պատասխանները և ենթադրում ենք, որ չեն էլ կարող լինել»,- ասաց Մելիքյանը։ 

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, որը, ըստ փաստաբանի, կարող է շատ մեղմ կամ խիստ լինել․ «Ստեփանակերտի քաղաքապետի մասով Հայաստանում կիրառված ամենախիստ վարչական հսկողությունն է, որը այդ թվում՝ ներառում է 12 ժամ տնից չբացակայելու արգելքը։ Կիսով չափ տնային կալանք է։ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ նույնպես վարչական հսկողություն է կիրառվել, բայց՝ մեղմ»։ 

Հունիսին 12-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել էր Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ ահազանգերին:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Այն ժամանակ թե՛ ներքին գործերի նախարարությունը, թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Դատախազությունը չպատասխանեցին «Հետք»-ի հարցին՝ ի վերջո, ո՞ր մարմինն է ձերբակալել Վարդան Գրիգորյանին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում