Ընտրությունների չեղարկում արտակարգ դրության դեպքում. հակադիր կարծիքներ օրինագծի մասին

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է չեղարկել ընտրությունների արդյունքները արտակարգ կամ ռազմական դրության պարագայում, միանշանակ չի ընդունվել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից։ Օրինագծի հեղինակները նշում են՝ քննարկումները դեռ շարունակվում են։
Կառավարությունն Ընտրական օրենսգրքում (ԸՕ) փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, ըստ որի՝ հնարավոր կլինի չեղարկել և նոր ընտրություն նշանակել անգամ քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն։ Արդարադատության նախարարության հեղինակած օրինագիծը ընդգրկված է ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում։
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»,- ասված է օրենքի նախագծում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է փոփոխության իրականացումը և պահանջում զերծ մնալ այս «հակաժողովրդավարական քայլից»: Կուսակցությունը կարծում է, որ փոփոխության պարագայում, երբ արդեն հայտնի լինեն ընտրության նախնական արդյունքները, ապա կառավարությունը, սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը կզրոյացնի ընտրության արդյունքները։
«Այս փոփոխությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք լինել թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար»,- ասված է կուսակցության հայտարարությունում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, կարծում է, որ ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը «շատ ճիշտ է»։
«Մեր բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են 2008-ի իրադարձությունները։ Ցանկացած իշխանություն պետք է իմանա, որ եթե ընտրություններ կեղծի, և դրանից հետո բողոքի ցույցեր լինեն, ինքը չի կարող ցույցերը ցրելով, արտակարգ դրություն մտցնելով հարցը լուծել։ Սա շատ կարևոր է։ Ես կցանկանայի, որ սա մենք ունենայինք 2008-ի մարտի 1-ի ժամանակ»,- ՍիվիլՆեթին ասաց Իոաննիսյանը։
Նա չի կարծում, թե փոփոխությամբ իշխանությանը հնարավորություն է տրվում չեղարկելու ընտրությունների անցանկալի արդյունքները․ «Եթե իշխանությունն ուզի նոր ընտրություններ անել, միշտ կարող է դրա համար հիմք գտնել։ Օրինակ, ասել՝ խախտումներ են եղել, և ԿԸՀ-ն ընտրությունը չեղյալ հայտարարի, բայց փոխարենն իշխանությունը չի կարողանա անել այն, ինչ արեց 2008-ին»։
Օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկ ներկայացրած արդարադատության նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ փաթեթն այժմ քննարկվում է շահագրգիռ կողմերի, պատգամավորների հետ։ Քննարկումներից հետո նախարարությունն «անհրաժեշտության դեպքում կանդրադառնա առաջարկվող կարգավորումներին»։
«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այժմ քննարկվում է շահագրգիռ կողմերի և պատգամավորների հետ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այն բաց է նաև առաջարկությունների համար: Քննարկումների ավարտին Արդարադատության նախարարությունն անհրաժեշտության դեպքում կանդրադառնա առաջարկվող կարգավորումներին, երկրորդ ընթերցման ընթացքում նախարարության ներկայացուցչին հարցեր հղելու հնարավորություն կունենան նաև օրենսդիր մարմնի անդամները»,- նշեցին գերատեսչությունից։
Հակոբ Ասլանյան
Civilnet










