Գլխավոր Լրահոս

Ե՞րբ է «Քաղաքացիական պայմանագիրը» կանոնադրությունից հեռացրել «Արարատ լեռը»

Ե՞րբ է «Քաղաքացիական պայմանագիրը» կանոնադրությունից հեռացրել «Արարատ լեռը»

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 29-ին հոդված է հրապարակել, որում նշում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (ՔՊ) իր կանոնադրությունից հեռացրել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ 

Հոդվածում նշվում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2024-ի օգոստոսի 20-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ՝ կանոնադրության մեջ կուսակցության խորհրդանիշ «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։ 

«Եվ ահա Սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունն իր կուսակցության մայր փաստաթղթից։ [...]»,- գրել է լրատվամիջոցը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք կանոնադրության այս փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, «թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով»։

Այս հրապարակումը տարածել են news.am, 168.am, tert.am, iravunk.com, tribune.am, panorama.am և այլ կայքեր։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը պարզեց, թե երբ է կանոնադրությունից հեռացվել «Արարատ լեռը», և արդյոք փոփոխված տարբերակը առկա է իրավաբանական անձնանց պետական ռեգիստրում։ 

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ հիմնադրվելուց ի վեր «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նոր խմբագրությամբ երեք կանոնադրություն՝ 2015-ին, 2019-ին և 2022-ին։ 

«Ժողովուրդը» օրաթերթը ճիշտ է՝ 2015-ին ՔՊ-ի հիմնադիր համաժողովի որոշմամբ ներկայացված կանոնադրության մեջ «Արարատ լեռը» հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում. նշվում էր խորհրդանիշ համարվող ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին։  

Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2015-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր։ 

2019-ին, երբ կուսակցությունը ներկայացրել էր նոր խմբագրությամբ կանոնադրություն, «Արարատ լեռը» դեռ հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում՝ նույն բովանդակությամբ։ 

Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2015-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր 

Ու թեև «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե ՔՊ-ն կանոնադրությունից «Արարատ լեռը» հեռացրել է վերջերս՝ «Սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո (հավաբանաբար նկատի ունենալով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը, որում անդրադարձ էր կատարվում Անկախության հռչակագրին, քանի որ վերջերս Սահմանադրության որևէ հոդված չի փոփոխվել և չի հեռացվել), իրականում այս փոփոխությունը իրականացվել է դեռ 2022-ին։ 

Ինչպես տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա փաստաթղթերից, ՔՊ-ն 2022 հոկտեմբերին ներկայացրել է նոր խմբագրությամբ կանոնադրություն, որի տեքստում արդեն իսկ բացակայում էր «Արարատ լեռը», ձեռքսեղմում խորհրդանիշն այլ կերպ է բացատրվում։ 

Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2022-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր։ 

Կանոնադրության այս տարբերակն է ներկայում տեղադրված կուսակցության պաշտոնական կայքում։ 

Իրականում 2020-ի պատերազմից հետո ՀՀ կառավարությունը շատ հարցերում փոխել է հռետորաբանությունը։ 

2023-ի գարնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հակադրել Արարատ և Արագած լեռները։ Նա «դժգոհում» էր, թե մարդկանց բնակարաններում չկա Արագածի նկարը և հայտարարում, որ տանը և աշխատասենյակում պետք է Արագածի նկարը տեղադրի։ 

Եվ երբ լրագրողները նրան հարց ուղղեցին, թե արդյոք այս խոսույթը դաշտ է նետվել Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին և Անկարայից եկող ուղերձներից ելնելով, Փաշինյանը նշեց, թե խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող հատվածների մասին է, և Արագածը ՀՀ-ում է, իսկ Արարատը ՀՀ-ում չէ։ 

«Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից, Թուրքիայում նայում են, ասում են՝ Արարատը (...) Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է։ Սա կարծում եմ՝ փաստ է։ Հայաստանում երեխեքը որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան. իմանում են դպրոցներում դասի գնալուց։ Այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում։ Ասում են՝ լավ, եթե էս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, էս նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ-ն  տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ։ Եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչո՞ւ մենք որևէ ձևով աջակցնեք, որ ՀՀ-ն զարգանա։ Ընդհակառակը, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, հակառակը՝ ամեն ինչ պետք է անենք, որ իրենց ոչնչացնենք։ Եվ հիմա հարց՝ Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը»,- 2023-ի մայիսի 22-ին ասում էր Փաշինյանը։

Այսպիսով «ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե ՔՊ-ն կուսակցության կանոնադրությունից հեռացրել է Արարատ լեռան մասին հիշատակումը, ճիշտ է։ Սակայն դա տեղի է ունեցել ոչ թե վերջերս, այլ 2022-ին։ Եվ այո՛, թարմացված կանոնադրությունը տեղադրված է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։  

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում