Գևորգ Թոսունյան
Արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Գալյանը գալիս է լրացնելու իրավապահ և արդարադատության համակարգերում ղեկավար կանանց թիվ։ Այս համակարգերն ավանդաբար եղել են տղամարդկանց մենաշնորհը։
Նախարարի պաշտոնի համար Սրբուհի Գալյանի թեկնածությունը հաստատվել է երեքշաբթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։
2022-ի հունիսին Ազգային ժողովը Գլխավոր դատախազ ընտրեց Աննա Վարդապետյանին։ Նա առաջին կին գլխավոր դատախազն է Հայաստանի ամբողջ պատմության մեջ։
2023-ին ստեղծվեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը, որի առաջին ղեկավար նշանակվեց Քրիստիննե Գրիգորյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կին է՝ Անահիտ Մանասյանը։ Նա երկրորդ կինն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը. առաջինը Լարիսա Ալավերդյանն էր։
Իրավապահ մարմիններից Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը կին չի զբաղեցրել կառույցի ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում։ Քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները, որոնք համեմատաբար նոր ստեղծված մարմիններ են, նույնպես կին ղեկավարներ չեն ունեցել։
Կանայք գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններում
Կանանց ներգրավվածությունն այս երեք պետական օղակներում ցածր է։ Ամենավատ վիճակը ոստիկանությունում է։
Կառավարության 15 անդամից երկուսն է կին։ Սրբուհի Գալյանը շուտով կմիանա նրանց։
Ազգային ժողովի պատգամավորների 36 տոկոսը կին է, 64 տոկոսը՝ տղամարդ։ Այս իրավիճակը հնարավոր է դարձել նախ և առաջ գենդերային քվոtայի մեծացման շնորհիվ՝ օրենքով նախկին հինգ տոկոսից այն բարձրացել է առնվազն 30 տոկոսի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կանայք 26-ն են (36 տոկոս), «Հայաստան» խմբակցությունում՝ 11-ը (38 տոկոս), իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունում՝ 2-ը (33 տոկոս)։
Վիճակագրական կոմիտեի 2023-ի «Հայաստանի կանայք և տղամարդիկ» զեկույցի համաձայն՝ նախարարների և փոխնախարարների միայն 18 տոկոսն է կին (2022-ի տվյալներ)։
Ըստ նույն զեկույցի՝ դատական իշխանությունում կանանց թիվը 31 տոկոս է, Սահմանադրական դատարանում՝ 11 տոկոս։
Առավել անբարենպաստ է վիճակը ոստիկանության համակարգում։ Ոստիկանների միայն 9 տոկոսն է կին, իսկ ղեկավարների շրջանում՝ 29 տոկոսը։ ՆԳՆ փոխնախարարներից միայն մեկն է կին՝ Արփինե Սարգսյանը։
Կանանց ներգրավվածության համեմատաբար բարձր մակարդակ է արձանագրվել փաստաբանական համայնքում։ 2023-ի զեկույցի համաձայն՝ փաստաբանների 44 տոկոսը կանայք են։
Ի դեպ, Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների գերակշիռ մասը կանայք են։ Նախադպրոցական հաստատություններում կին մանկավարժների թիվը 99,5 տոկոս է, իսկ հանրակրթարաններում՝ 89 տոկոս։
Գևորգ Թոսունյան











