Հայաստանը 2026-ին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Սիմիդյանը։
Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։
Ադրբեջանը ևս համաժողովը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, նրա օգտին քվեարկել է 58 երկիր։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան հանդիսանում է բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկը, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։ Կոնվենցիայի ներքո կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են: Դրանք կազմակերպվում են երկու տարին մեկ, որոնց ընթացքում անդամ երկրներն աշխատանքներ են տանում կոնվենցիայի կիրարկման համար համապատասխան մեխանիզմների մշակման և այդ նպատակով նոր հանձնառությունների ստանձման ուղղությամբ։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Civilnet











