Նոյեմբերի 10-ին բոլոր եկեղեցիներում աղոթք կարվի Բաքվում պահվող գերիների համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում համաշխարհային աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։
«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցությամբ։
Civilnet










