Գլխավոր Լրահոս

Արցախը՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո․ մաս 2` Շուշի

Արցախը՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո․ մաս 2` Շուշի

Հայկ Հովհաննիսյան

Նախորդ հրապարակմամբ ուսումնասիրել էինք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի բնակավայրերի վիճակը՝ 2020-ի օկուպացիայից հետո։ Այս անգամ, օգտագործելով արբանյակային լուսանկարները, անդրադառնում ենք Շուշիի շրջանի ներկայիս վիճակին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ 55 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։

Պատերազմի հետևանքով 2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է քաղաքի մի շարք թաղամասեր և ակտիվ շինարարություն է իրականացնում։

Ադրբեջանը քանդում է Շուշիի հայկական տները

Ըստ 2015-ի մարդահամարի՝ Շուշիի բնակչությունը մոտ 4 000 էր։ 2020-ի պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվեց և Ադրբեջանը ներկայում փաստացի ոչնչացնում է հայկական հետքը։ 2020-ի սեպտեմբերին և 2024-ի ապրիլին արված արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ Շուշի քաղաքում Ադրբեջանը քանդել է մոտ 200 փոքր և մեծ շինություններ՝ հանրային նշանակության կառույցներ, բազմաբնակարան շենքեր, առանձնատներ և այլ շինություններ։

Շուշի քաղաքը՝ 2020-ի սեպտեմբերին և 2024-ի ապրիլին։

Շուշի քաղաքից հասանելի ամենաթարմ՝ 2024-ի ապրիլի արբանյակային լուսանկարներում հստակ երևում են քաղաքում իրականացված փոփոխությունները: Կարմիր կետերով նշված են բոլոր այն տներն ու շենքերը, որոնք քանդվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։

Շուշի քաղաքը 2024-ի ապրիլի դրությամբ, կարմիրով՝ քանդված շինությունները:

Հիմնահատակ ավերվել են հայկական մի շարք մշակութային և կրոնական հուշարձաններ: Դրանց թվում է 19-րդ դարի սկզբին կառուցված Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավել հայտնի է «Կանաչ ժամ» անվանմամբ։ Եկեղեցին զգալի վնասվել էր պատերազմի վերջին օրերին քաղաքում ծավալված ակտիվ մարտերի ընթացքում, ենթադրաբար՝ ադրբեջանական կամ հայկական զինված ուժերի հրետանային հարվածների հետևանքով։

Ադրբեջանական իշխանությունները, հակառակ պատմական փաստերի, եկեղեցին ներկայացնում էին որպես ռուսական և բազմիցս հավաստիացրել են այն վերականգնելու ու «պատմական տեսքը վերակերտելու» մասին։ Սակայն արբանյակային լուսանկարների արխիվը վկայում է, որ «Կանաչ ժամը» պահպանվել է մինչև 2023-ի տարեվերջ, որից հետո այն հիմնովին քանդվել է։

Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցու՝ Ադրբեջանի կողմից ավերման ժամանակագրությունը։

Շուշիի մայր տաճարը՝ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը պատերազմի ժամանակ վնասվել էր Ադրբեջանի հրթիռային հարվածների հետևանքով, «վերականգնման» անվան տակ ենթարկվել է էական փոփոխությունների։ Հեռացվել են եկեղեցու գմբեթը և բոլոր հայկական նշումները։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ նախքան ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը։ Հետևում երևում է դեռ անվնաս «Կանաչ ժամ»-ը։

Ամբողջությամբ վերացվել է նաև Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակը։  2023-ի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի կատարած այցի տեսանյութում երևում է, որ Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները հեռացվել են։ Դրա փոխարեն արհեստական այգի է, իսկ թանգարանի ներսի հավաքածուների տեղում Հեյդար Ալիևին նվիրված ցուցահանդես է։ 

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակը»

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org հարթակը նշում է, որ հավաքածուի և քանդակների ճակատագիրն անհայտ է։ 

Փաստը հաստատվում է նաև 2020-ից 2024-ի ընթացքում տեղանքի բարձրորակ արբանյակային լուսանկարներով։

Կոլաժը՝ Ալիևի այցի տեսանյութից և արբանյակային պատկերներից։

Քանդվել է նաև Շուշիի համայնքապետարանի դիմացի գորգաձև հրապարակը, որտեղ գտնվում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը։ Այս մասին վկայում են ինչպես հասանելի արբանյակային լուսանկարները, այնպես էլ ադրբեջանցիների հրապարակած կադրերը։

Շուշիի համայնքապետարանի դիմացի գորգաձև հրապարակը և կերպարվեստի թանգարանը

Ադրբեջանը Շուշիում ավերել է նաև հայկական մի շարք գերեզմանատներ և Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշարձաններ ու խաչքարեր։ Շուշիի 18-19-րդ դարերի Ղազանչեցոց գերեզմանատան մակերեսը հարթեցվել է, իսկ տապանաքարերը՝ ոչնչացվել։ Գերեզմանատունը շինհրապարակի է վերածվել։

Պատկերը՝ Caucasus Heritage Watch նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Միաժամանակ, ըստ ադրբեջանական կողմի՝ քաղաքում վերականգնվել են մի քանի մզկիթներ։ Ներկայում կառուցվում է նոր մեծ մզկիթ քաղաքի կենտրոնում՝ Սբ. Ղազանչեցոց եկեղեցուց ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Հատկանշական է, որ մզկիթի կառուցման համար Ադրբեջանը քանդել է առնվազն հինգ բազմաբնակարան շենք։

Շուշիում կառուցվող նոր մզկիթը՝ բնակելի շենքերի տեղում

Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում Շուշիում կառուցվում են երեք նոր բնակելի թաղամասեր՝ ընդհանուր մոտ 1 250 բնակարանով։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ մինչև 2024-ի ավարտը Լեռնային Ղարաբաղում բնակեցվելու է 20 000 ադրբեջանցի։ 8 000-ն արդեն վերաբնակեցվել են, որից Շուշիում՝ 220 ընտանիք (823 անձ)։

Պատերազմից հետո մինչ օրս համացանցում պարբերաբար հայտնվում են կադրեր ադրբեջանցիների կողմից հայկական տների ոչնչացման վերաբերյալ։

Քարին տակի և Լիսագորի հիմնահատակ ավերումը

Շուշի քաղաքի հարավային ստորոտում գտնվող Քարին տակ գյուղը 44-օրյա պատերազմում ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո ամբողջովին ավերվել է։

2024-ի ապրիլի թարմացված արբանյակային լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել գյուղի բոլոր բնակելի տները և շինությունները։

Քարին Տակը 2020-ի սեպտեմբերին և 2024-ի ապրիլին.

Գյուղում դեռ կանգուն են մնացել երկու շինություն՝ 1841-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և 1838-ին Կարկառ գետի վրա կառուցված «Սիմոնենց» կամուրջը։ Պահպանվել է նաև գյուղի գերեզմանատունը։ Այս կառույցներն այժմ շրջապատված են գյուղի բնակելի տների ավերակներով։

Արբանյակային նկարների Sentinel-Hub կայքի արխիվը փաստում է, որ Քարին տակ գյուղի տների քանդման աշխատանքներն իրականացվել են 2023-ի հոկտեմբերից մինչև 2023-ի դեկտեմբեր։

Քարին Տակ գյուղի ավերման ժամանակագրությունը 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին

Ադրբեջանը Քարին տակում ևս նոր մզկիթ են կառուցում՝ կրկին հայկական տների ավերակների տեղում։ Ալիևը 2023-ի դեկտեմբերին այցելել էր գյուղի ավերված տարածք՝ ծանոթանալու դրա տեղում մզկիթի կառուցման աշխատանքներին։

Կադրերում երևում են կառուցվող մզկիթը և գյուղի ավերակները։ Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին գյուղի «վերակառուցման» աշխատանքների մասին։

Ադրբեջանը ոչնչացրել է նաև Շուշիի շրջանի արևմտյան մասում գտնվող Լիսագոր գյուղը, որը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023-ի սեպտեմբերին։ Գյուղում առկա էին մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք այսօր հիմնովին ավերված են։

Շուշիի շրջանի արևելքում գտնվող Ղայբալիշեն, Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող, Քիրսավան և այլ փոքր գյուղերում, համաձայն վերջին արբանյակային լուսանկարների՝ զգալի ավերվածություններ չեն նկատվում։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում