Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով

Ա՝րդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ Դատարանը նաև բավարարել է ՀՀ ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Ադրբեջանի նախնական առարկությունները վերաբերում էին Դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես, Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ` Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին և արձանագրել է, որ Ադրբեջանը ականապատումների վերաբերյալ առանձին պահանջ չի ներկայացրել, հետևաբար ներկայացված առարկությունը առարկայազուրկ է: Հայաստանը կվիճարկի և կապացուցի այդ պնդումների անհիմն լինելը գործի ըստ էության քննության փուլում»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet










