Գլխավոր Լրահոս

«Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը»

«Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը»

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024-ի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական ​​արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը որևէ նոր հայցի մասին չէ․ սա դեռևս 2023-ի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023-ին։ 

«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», - նշեցին ներկայացուցչությունից։ 

Նրա բնորոշմամբ՝ սա առաջին փաստաթուղթն է, որը պետք է ներկայացվեր ընթացակարգային որոշումից հետո, և ադրբեջանական կողմը ներկայացրել է իր ամբողջական հայցադիմումը, որովհետև արբիտրաժային ծանուցումը, որպես այդպիսին, գործի մեկնարկի համար ներկայացվող փաստաթուղթ է, բայց հայցադիմումը ներկայացվում է արդեն հետագա փուլերում․ «Սա արբիտրաժային նույն վարույթի շրջանակներում ամբողջական հայցադիմումն է, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից»։ 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիտարկմամբ՝ այս արբիտրաժային վարույթը համակարգվում է Մշտական արբիտրաժային դատարանի կողմից, և եթե նայենք այդ դատարանի կայքում, ապա կտեսնենք, որ կա սահմանված ժամանակացույցը, և ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակացույցի համաձայն ներկայացրել է հայցադիմում, որից հետո արդեն հայկական կողմը կանդրադառնա տրիբունալի իրավազորության հարցերին, ինչից հետո կներկայացնի իր դիտարկումներն ու առարկությունները։ 

«Սա, միգուցե, Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված վերջին որոշումների պատճառով է, որոնցում Ադրբեջանը պարտություն է կրել, և հիմա փորձում է նոր լույսի ներքո ներկայացնել այս գործը, այսինքն՝ զուտ վերահաստատում են այն արբիտրաժային վարույթը, որը մեկնարկել է դեռևս 2023 թվականին»,- նկատեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ 

Պարզաբանելով, թե որն է սույն վարույթի բուն էությունը և ինչ ընթացակարգեր են հաջորդելու վարույթի շրջանակեներում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշեցին, որ այն ներկայացվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա։  

«Ադրբեջանական կողմից փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ խարտիայի նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», - ընդգծեցին գրասենյակից՝ հավելելով, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ու դիտարկումները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակներում։ 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նաև հավելեցին, որ, այդուհանդերձ, տրիբունալը դեռևս պետք է ճանաչի, որ գործը քննելու իրավազորություն ունի, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանն էր նման քննություն իրականացրել։ 

«Կողմերը ներկայացրել էին նախնական առարկություններ և դատարանը պետք է ճանաչեր, որ նա ունի իրավազորություն՝ քննելու այդ վարույթը։ Նմանատիպ կերպով այս դեպքում նաև արբիտրաժային տրիբունալը պետք է ճանաչի իրավազորությունը։ Եթե արբիտրաժը ճանաչի, որ տրիբունալն այս գործը քննելու իրավազորություն չունի, այդ դեպքում գործը հետագա զարգացում չի ունենա։  

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2024-ի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Մշտական ​​արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը՝ մեղադրելով հայկական կողմին, իբրև թե, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում