Ավստրալիայի ներդրողները Արենիում. պայքար համակարգի դեմ

Գևորգ Թոսունյան
2021-ին Արմինե Հակոբյանն ու նրա ամուսինը՝ Լեոնարդ Ուիքսը, Ավստրալիայից տեղափոխվելով Հայաստան, որոշել են ներդրում անել Արենիում։ Նրանց նպատակն էր զարգացնել մասնավորապես Վայոց ձորի սակավաբնակ գյուղերը։
ՄԱԿ-ի նախկին աշխատակից Լեոնարդը, որն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է, երկար տարիներ աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Օմանում և Թաիլանդում։ Հայաստան տեղափոխվելուց հետո զույգը որոշել է հյուրանոց բացել։
Նրանք, սակայն, բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների, որոնցից ամենամեծը՝ արդարադատության խնդիրն է։
Հյուրանոցի կառուցման ընթացքում նախ բախվել են լոգախցիկների պատվերի հետ կապված խաբեության, երբ 2 մլն դրամի կանխավճար անելուց հետո ապրանքը չեն ստացել։ Չնայած առկա տեսաձայնագրությանը, որտեղ մատակարարը խոստովանում է խաբեությունը, ոստիկանությունը հրաժարվել է միջամտել։

Դատական համակարգի թակարդում
Հաջորդիվ հյուրանոցը կառուցող ընկերության հետ վեճն էր, որը գործարարների առջև բացում է Հայաստանի դատական համակարգի լաբիրինթոսը։
Առ այսօր շարունակվում է գործարարների և հյուրանոցի շինարարի՝ «Գիմզա բիլդինգ» ՍՊԸ-ի միջև վեճը։ Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ աշխատանքի ծավալի և փոխհատուցման հարցերում։
«Շինարարական ընկերությունը փորձում էր մեզանից ավելի մեծ գումար պահանջել, քան նախնական պայմանավորվածությունն էր։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ նրանք իրենց հաշվարկներում սխալներ են թույլ տվել»,- բացատրում է Արմինեն։

Վեճի արդյունքում շինարարական ընկերությունը դատական հայց է ներկայացրել։
«2023-ի մայիսին, ստուգելով իմ բանկային հաշիվը, հայտնաբերեցի, որ այն սառեցված է։ Սկզբում անհասկանալի էր պատճառը։ Բանկը խորհուրդ տվեց դիմել հարկային մարմիններին, որտեղ էլ պարզեցի, որ իմ անունով դատական գործ է հարուցվել։ Դատարանին գրավոր դիմելուց հետո միայն ստացա գործի փաստաթղթերը։ Պարզվեց, որ շինարարական ընկերությունը դեռ 2022-ի դեկտեմբերին է դատարան դիմել։ Նրանց հայցը սկզբում մերժվել էր, սակայն հետագայում ընդունվել է նոր դատավորի կողմից»,- պատմում է Արմինեն։
Ըստ գործարարի՝ դատարանը, հայցն ընդունելով, կիրառել է ապահովման միջոց՝ սառեցնելով նրա հաշիվները, սակայն նրան չի տրվել հնարավորություն ծանոթանալու վարույթին և ներկայացնելու իր դիրքորոշումը։
«Ես ոչ մի ծանուցում չեմ ստացել հայցի վերաբերյալ։ Գործի փաստաթղթերը ստացա միայն այն բանից հետո, երբ հայտնաբերեցի սառեցված հաշիվը և դիմեցի դատարանին»,- նշում է նա։
Արմինեն պնդում է, որ դատարան ներկայացված փաստաթղթերում կեղծիքներ կան․ «Հայցը հիմնված է երեք կեղծ հաշիվ-ապրանքագրերի վրա, որոնք ես երբեք չեմ տեսել կամ ստորագրել։ Դատական վերջին նիստի ժամանակ հակառակ կողմը դատարանին խնդրել է նշանակել փորձաքննություն՝ պարզելու կատարված աշխատանքների ծավալն ու վճարված գումարները»։
Շինարարական կազմակերպության դիրքորոշումը
«Գիմզա Բիլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մակար Եղիազարյանը տարօրինակ է համարում խնդրի հանրայնացումը. «Սա սովորական քաղաքացիա-իրավական վեճ է։ Մի կողմը կատարել է աշխատանքներ, որից հետո պատվիրատուն դադարեցրել է դրանք։ Առաջացել է վեճ կատարված աշխատանքների շուրջ։ Նշանակված են փորձաքննություններ, որոնց արդյունքում կպարզվի՝ որ կողմն է իրավացի։ Դատարանը կլուծի հարցը՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունն ու մյուս ապացույցները»։
Փաստաբանը հերքում է կեղծ փաստաթղթերի մասին պնդումները՝ նշելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին։
Ստուգողների ենթադրյալ կոռուպցիոն առաջարկը
Արմինեի խոսքով՝ Ավստրալիայի և Հայաստանի բիզնես միջավայրերը, ինչպես նաև օրենսդրությունը շատ տարբեր են։ Այստեղ օրենսդրությունն ավելի շատ ներդրողների ու գործարարների դեմ է, քան օգտին։ Նրա խոսքով՝ Ավստրալիայում բիզնեսի սեփականատերերը հաճախ չեն գրանցվում որպես աշխատող և նույնիսկ չեն գրանցում իրենց աշխատողներին, քանի որ յուրաքանչյուր ոք ինքն է կարգավորում իր հարկային պարտավորությունները։
«Մենք չէինք պատկերացնում, որ Հայաստանում այլ է, ինչի համար մեզ տուգանեցին։ Անտրամաբանական է, որ սեփականատերը վարձատրություն ստանա, երբ բիզնեսը վնաս է կրում»,- նշում է նա։
Քովիդի ժամանակ, երբ բոլոր հյուրանոցները դժվարությունների էին բախվում, նրանց այցելել են հարկային ստուգողները։ Արմինեն պատմում է հարկային մարմնի պաշտոնյայի՝ իր կարծիքով անընդունելի առաջարկի մասին։ «Ստուգման ղեկավարն առաջարկեց Ամանորին օգտագործել մեր հյուրանոցի սենյակներն իր ընտանիքի և ընկերների համար՝ առանց մեր ներկայության, առանց պաշտոնական ձևակերպման և շուկայականից էականորեն ցածր գնով»,- նշում է նա։ Այդ մասին նամակներ են գրել ՊԵԿ, սակայն պատասխան չի եկել։
«Մենք եկել ենք պայքարելու»
Արմինեն նշում է, որ արտասահմանից շատերն են հետևում իրենց պատմությանը՝ Հայաստանում ներդրումներ կատարելու որոշում կայացնելիս։
«Նման իրավիճակները հանգեցնում են նրան, որ պոտենցիալ ներդրողները կասկածում են՝ արդյոք արժե՞ Հայաստանում ներդրում կատարել»,- ասում է նա։
Զույգը, սակայն, չի հանձնվում․ «Մենք հենց եկել ենք այս խնդիրների դեմ պայքարելու համար։ Որքան էլ դժվար է, փորձում ենք հաղթահարել դրանք և բարձրաձայնել։ Ի տարբերություն տեղացի հայերի, մենք չենք լռում, քանի որ գիտենք՝ խնդիրները պետք է բարձրաձայնել»։
Նպատակների մասին
Չնայած բոլոր դժվարություններին, զույգը լավատես է և ծրագրում է Արենիում կառուցել բացօթյա մշակութային թանգարան՝ 10-12 փոքր տներով, որոնք կներկայացնեն հայկական մշակույթի տարբեր ասպեկտներ։ Բացի այդ, Լեոնարդը գրել է «Ծագման բացահայտում» գիրքը, որի հիման վրա նախատեսվում է ֆիլմ նկարահանել՝ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով։
Civilnet










