Սոցցանցերում լայնորեն քննարկվում է տրանսպորտի ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատելու հարցը։ Քաղաքացիներից շատերը անակնալի են եկել՝ պարզելով, որ QR կոդով ուղետոմսերը վավեր են ընդամենը երեք օր։
Ուղետոմսի ժամկետի հետ կապված խնդիրները
Քաղաքացի Արտակ Գաբոյանն էլ բարձրաձայնում է, որ Telcell համակարգում առցանց ուղետոմսեր գնելիս հստակ նշված չէ դրանց վավերականության ժամկետը։ Նրա խոսքով՝ այս տեղեկությունը պետք է տեսանելի լինի, որպեսզի քաղաքացիները կարողանան հաշվարկել անհրաժեշտ տոմսերի քանակը և օգտագործել դրանք սահմանված ժամկետում։ Նշում է, որ գործընթացը շատ խրթին է։
«Telcell-ում, երբ մտնում եք «Տրանսպորտ» բաժին և ընտրում եք, օրինակ, տրոլեյբուսի տոմս եք ուզում, թե ավտոբուսի, այդ փուլում տարբեր տարիֆներ է ցույց տալիս, որի տակ փոքր սլաք կա՝ «Տեսնել ավելին», դա սեղմելու դեպքում նոր գրվում է՝ ակտիվացման ժամկետը երեք օր»,- նշում է քաղաքացին։

Արդյոք տեղեկացվե՞լ է ժամկետը կրճատելու մասին
Ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի նիստին։ Այն եղել է չզեկուցվող հարցերի մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և կգործի մինչև փետրվարի 1-ը։
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ձեռք բերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»,- նշված է որոշման մեջ։
Քաղաքապետարանը, սակայն, չի իրազեկել քաղաքացիներին այս փոփոխության մասին։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս հաստատել է, որ փաստացի միակ իրազեկումը կայքում հրապարակված նիստի արձանագրությունն է։
Սկզբնական շրջանում QR կոդով ուղետոմսերը վավեր էին 30 օր, այնուհետև՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ից, վավերականության ժամկետը կրճատվեց մինչև 7 օր, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր։
Ինչպե՞ս է որոշումն ընդունվել
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ իրենց խմբակցությունը սկզբունքորեն չի մասնակցում չզեկուցվող հարցերի քննարկմանը՝ ի նշան բողոքի։ Ըստ նրա՝ QR կոդերի վավերականության ժամկետի հարցը նախօրոք չի բերվել ավագանու հետ քննարկման։
«Պարզապես մեզ կանգնեցնում են ամեն անգամ փաստի առաջ և հրատապով վերջին րոպեին բերում, մտցնում, անցկացնում են, սա է ոճը»,- նշում է Իզաբելլա Աբգարյանը։
Այսպիսով, տրանսպորտի QR կոդով ուղետոմսերի վավերականության ժամկետի կրճատման մասին քաղաքացիները պատշաճ չեն իրազեկվել, ինչի հետևանքով շատերը կորցրել են ձեռք բերած ուղետոմսերը։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











