Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարցը կարող է քննարկվել։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել է Կիրակոսյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք կա՞ նման միտում, որ Հայաստանը փորձում է հրաժարվել ներկայացված հայցերից, Կիրակոսյանը պատասխանել է․ «Ոչ, չեմ տեսնում այս պահին»։
Կիրակոսյանը նշել է նաև, որ այս պահին Ադրբեջանը Հայաստանին առնչվող հայցեր ունի երկու միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև կա արբիտրաժային գործընթաց։ «Այս պահի դրությամբ նոր հայց Ադրբեջանի կողմից չկա ներկայացված»,- ասել է Կիրակոսյանը։
Վերջերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից»։
Civilnet











