«Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով». ասված է ՀՀ Սահմանադրությունում։ Իրականում սփյուռքահայերի համար քաղաքացիություն ստանալը հեշտ գործընթաց չէ, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը։
Ավետիքյանի խոսքով՝ ազգությամբ հայերի հեշտացված կարգն իրականում երբեմն դառնում է բարդ՝ հատկապես փաստաթղթային առումով։
«Պահանջներից մեկն այն է, որ ազգությամբ հայը, որը դառնա Հայաստանի քաղաքացի, պետք է ապացուցի, որ նա հայ է։ Ապացուցման հիմնական մեխանիզմը մկրտված լինելն է՝ որպես հայ քրիստոնյա։ Մենք ունենք երեք հիմնական եկեղեցիներ, որտեղ հայերը մկրտված կարող են լինել՝ Առաքելական եկեղեցի, Կաթողիկե ու Բողոքական. այս երեք եկեղեցիներից մեկում պետք է մկրտված լինի։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ որպես հայ կարող է ընդհանրապես մկրտված չլինել, կամ, օրինակ, աթեիստ լինել, բայց արդեն իսկ չմկրտված լինելը իրեն զրկում է ապացուցելուց, որ ինքը հայ է կամ պետք է ապացուցի, որ իր ծնողներից մեկն է մկրտված եղել»,- ասում է Ավետիքյանը։
Հաճախ է լինում, երբ քաղաքացիության դիմած հայերը կորցրած են լինում փաստաթղթերը և դրանց վերականգնումը երկար գործընթացի է վերածվում։ Ըստ Ավետիքյանի՝ շատերն այս թղթաբանական բարդ ճանապարհից հետ են կանգնում, որովհետև գործընթացը հաճախ ամիսներ է տևում։
«Մարդիկ հաճախ տեղաշարժի ժամանակ իրենց թղթերը կորցրած են լինում, հետո չեն կարողանում ապացուցել, որ իրենց ծնողը, օրինակ, մկրտված է եղել այս կամ այն հայկական եկեղեցում, չեն կարողանում ապացուցել նրանց ազգակցական կապերը։ Դեպքեր կան, երբ մարդը փախել է ռազմական գործողություններից. ո՞վ է իր կամ իր տատիկ-պապիկի մկրտության վկայականը վերցնելու»,- շեշտում է իրավաբանը։
Անվտանգությունը նույնպես կարևոր գործոն է, շեշտում է իրավաբանը՝ որպես փաստարկ բերելով այն դեպքերը, երբ ազգությամբ ոչ հայ մարդիկ փորձել են ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ շահադիտական նպատակներով։ Բայց այս խնդիրն էլ հնարավոր է լուծել, ըստ Ավետիքյանի։ Նա նշում է, որ հարցազրույցների և մանրամասն հետազոտությունների միջոցով կարելի է պարզել դիմողի հայկական ծագումը։
«Չեմ կարծում, որ խնդիր է հետազոտությամբ և հարցազրույցներով տեսնել՝ մարդը իսկապես հայ է, թե ոչ։ Եթե լինեն ուժեղ կասկածներ, կարելի է ստիպել մարդուն գնալ և բերել այս փաստաթղթերը, բայց հակառակն է մեզ մոտ գործում»,- ասում է Վարուժան Ավետիքյանը։
Վարուժան Ավետիքյանը առանձնացնում է Իսրայելը՝ որպես լավ օրինակ։
«Օրենքի մակարդակով, իրավական առումով կա հետևյալ նորմը՝ յուրաքանչյուր հրեա, երբ հասնում է Իսրայել, ձեռք է բերում քաղաքացիություն։ Կա կազմակերպություն, որն աշխատում է այդ մարդկանց հետ՝ կլինի փաստաթղթերի, թե հոգևոր դասի միջոցով կամ հրեական համայնքի կապերն օգտագործելով։ Նույնիսկ կազմակերպություններ կան, որ ֆինանսական միջոցներ են ծախսում, որ ապահովեն մարդու տեղաշարժը կամ ներգաղթը դեպի Իսրայել»,- ընդգծում է Ավետիքյանը։
Պատրաստեց Լիա Ավագյանը
Civilnet











