Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանում Meydan TV-ի յոթ լրագրող է ձերբակալվել՝ մաքսանենգության և Հայաստանին աջակցելու մեղադրանքներով։
Meydan TV-ի դեմ արշավը սկսվեց դեկտեմբերի 6-ին՝ Դեկո մականունով հայտնի լրագրող Ռամին Ջաբրայիլզադայի ձերբակալությամբ։
Ջաբրայիլզադայի փաստաբան Նեմաթ Քարիմովի խոսքով, իր վստահորդին կանգնեցրել են օդանավակայանից տուն վերադառնալիս։ Ոստիկանությունը բռնագրավել է նրա գումարները և պնդել, թե նա երկիր է ներմուծել արտարժույթի անօրինական քանակություն։ Ջաբրայիլզադան հայտարարել է, որ ոստիկանությունն իր գումարներին ավելացրել է սեփական միջոցները՝ այդ քանակին հասնելու համար։
Մաքսանենգության կամ արտարժույթի հետ կապված այլ հանցագործությունների մեղադրանքները բազմիցս կիրառվել են անկախ լրագրողների կամ այլոց դեմ, որոնք Իլհամ Ալիևի կառավարության թշնամի են ընկալվում։
Թափդիգ կեղծանունով Meydan TV-ի համար գրող Այթաջ Ահմադովան ձերբակալվել է նույն օրը՝ Քամրան Մամմադլիի հետ, որը կենդանիների իրավունքների պաշտպան է և ձերբակալության պահին նրա հետ էր։
Մամմադլին և Ահմադովան ձերբակալվել են, երբ ինչ-որ մեկը բողոքել է նրանց բնակարանում ջրի արտահոսքի մասին։ Երբ նրանք բացել են դուռը, ոստիկանները ներխուժել են և ձերբակալել նրանց։
Մամմադլին 25 ժամ պահվել է կալանքի տակ և ոստիկանության բաժանմունքում ենթարկվել ծեծի։
«Ոստիկանությունում նրանք պահանջեցին հեռախոսիս գաղտնաբառը։ Երբ ես հրաժարվեցի տալ այն, մոտ հինգ կամ վեց ոստիկան սկսեցին ծեծել ինձ, իսկ հետո՝ հոսանքահարել։ Ես հասկացա, որ իմաստ չունի, և տվեցի նրանց գաղտնաբառը»,- ասել է Մամմադլին։
Նա ասել է, որ որևէ կապ չունի Meydan TV-ի հետ։
Քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների նոր ալիք
Ինչպես 2023-ի վերջին անկախ մամուլի դեմ նախկին հարձակումների դեպքում, Meydan TV-ի դեմ ճնշումներն ուղեկցվում են քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների ալիքով։
Ջաբրայիլզադայի և Ահմադովայի ձերբակալության օրը իշխանությունները ձերբակալել են նաև Շահլա Իսմայիլին՝ Կանանց ռացիոնալ զարգացման ասոցիացիայի ղեկավարին և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ադրբեջանի ազգային պլատֆորմի համակարգողին։
OC Media-ին երրորդ անձի միջոցով փոխանցված անանուն վկայի խոսքով, ոստիկանությունն առաքիչի տեսքով ծառայողի է ուղարկել Իսմայիլի տուն՝ նրան դուռը բացելու համար խաբելու նպատակով։
«Այս առաքիչը 14 անգամ զանգահարել է նրան, բայց նա հրաժարվել է բացել դուռը։ Վերջում ոստիկանությունն օգտագործել է նրա երեխաների դայակին։ Դայակին ծեծի են ենթարկել տունը խուզարկելուց հետո։ Նրանք նույնիսկ թույլ չեն տվել Շահլային վերարկու կամ տաք հագուստ հագնել, և նա տնից դուրս է եկել հողաթափերով»,- ասել է վկան։
2023-ին Ալիևի կողմից Առաջընթացի մեդալով պարգևատրված Իսմայիլին պահել են ոստիկանությունում մինչև կեսգիշեր։
Ոստիկանությունը խուզարկել է նաև քաղաքացիական հասարակության մեկ այլ անդամի՝ Ռանա Թահիրովայի տունը և բռնագրավել է գումար՝ պնդելով, թե այն նախատեսված էր Meydan TV-ի աշխատակիցների աշխատավարձերի համար։ Նրա ամուսինը՝ Ուլվի Թահիրովը, նույնպես ձերբակալվել է։ Դատական նիստի ժամանակ նա պնդել է, որ բռնագրավված գումարը պատկանում էր իր կնոջը։
Meydan TV-ի խմբագիր Օրխան Մամմադը OC Media-ին ասել է, որ հարձակումները տեղի են ունեցել միաժամանակ ամբողջ Ադրբեջանում։
Մամմադի խոսքով, Meydan TV-ի լրագրողներից մեկը՝ Այսել Ումուդովան, ձերբակալվել է իր ընկեր Էլնուր Ջաբբարզադայի հետ միասին Բաքվից 130 կմ հեռավորության վրա։ Ձերբակալությունից առաջ Ումուդովայի վերջին խոսքերն էին Մամմադին․ «Մեր աղջիկներին ձերբակալեցին։ Ես Բաքվում չեմ, դրա համար չեմ կարող խոսել»։
Իշխանությունները Meydan TV-ի գործի շրջանակում իր տանը ձերբակալել են նաև լուսանկարիչ Ահմադ Մուխթարին՝ նրան մեղադրելով մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Մուխթարը դատապարտվել է 20 օր վարչական կալանքի։
«Մենք աշխատում ենք առանց գրաքննության»
Մամմադի կարծիքով, Meydan TV-ն այժմ թիրախավորվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի լուսաբանման և Ալիևի, նրա ընտանիքի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին իր հետաքննությունների պատճառով։
2020-ին պատերազմի ավարտից հետո, ինչպես ասում է Մամմադը, Meydan TV-ն կանոնավոր հրապարակել է ռազմադաշտի իրադարձությունների մասին լուրեր և տեղեկություններ՝ նախքան Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև հարթակ է տրամադրել խաղաղաշինության ջատագովներին՝ իրենց կարծիքները կիսելու համար։
«Meydan TV-ն երբեք չի հրահանգել իր աշխատակիցներին՝ ինչի մասին գրել, ինչի մասին չգրել. մենք աշխատում ենք առանց գրաքննության, և այլընտրանքային մամուլի համար Ադրբեջանում կարևոր է նոու-հաուն»,- ասել է Մամմադը։
Քանի դեռ լրատվամիջոցի լրագրողներն այս շաբաթավերջին կալանավայրերում էին, կառավարամետ Baku TV-ն եթեր է հեռարձակել հաղորդում՝ մեղադրելով նրանց աշխատակիցներին մաքսանենգության, անօրինական գործունեության և հայերի հետ կապեր պահպանելու մեջ, ինչը Ադրբեջանում տաբու թեմա է և կարող է իրավական լուրջ հետևանքներ ունենալ։
Մի շարք այլ կառավարամետ լրատվամիջոցներ մեջբերել են Baku TV-ի հաղորդումը՝ յուրաքանչյուրն ավելացնելով իր մանրամասներն ու մեղադրանքները։ Այնուամենայնիվ, մակերեսային խմբագրական տարբերությունների տակ, կառավարամետ մամուլի բոլոր լուսաբանումները քննարկում էին, թե ինչպես է Meydan TV-ն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային արտագաղթը բնութագրել որպես «էթնիկ զտում», և առանձնացրել են Մամմադին ու Meydan TV-ի՝ Բեռլինում հաստատված աշխատակից Օմար Մամմադովին՝ որպես այդ թեման լուսաբանողների։
Հայ լրագրող Արեն Մելիքյանը, որի անունը հիշատակվել է հաղորդումներում, OC Media-ին ասել է, որ երբեք չի աշխատել Մամմադովի հետ և հանդիպել է նրան մի քանի անգամ միայն մեծ խմբերի կազմում։
«Սա է ամբողջը։ Այն, ինչ հրապարակել է ադրբեջանական կառավարամետ մամուլը, մեծ սուտ է»,- ասել է Մելիքյանը։
Meydan TV-ի գործով փաստաբաններից մեկը՝ Աղիլ Լայիջը, լրատվամիջոցներին ասել է, որ լրատվամիջոցի լրագրողների դեմ մեղադրանքներն ամբողջովին անհասկանալի են։
«Ես պաշտպանում եմ Այսել Ումուդովայի իրավունքները, և նա ամեն անգամ սահմանը հատելիս հայտարարում է իր գումարի մասին, և որևէ հիմք չկա պնդելու, որ նա մաքսանենգ է»,- ասել է Լայիջը։
«Սա առաջին անգամը չէ, որ Meydan TV-ն նման հարձակման է ենթարկվում կառավարության կողմից։ Ինը տարի առաջ քրեական գործ էր հարուցվել Meydan TV-ի դեմ, և այս գործը չի փակվել,- ասել է Մամմադը։- Չնայած դրան, մենք կշարունակենք մեր աշխատանքը։ Շուտով կհրապարակենք մեր նոր հետաքննական հոդվածը բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ և չենք դադարեցնի մեր աշխատանքը»։
Civilnet











