Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այն ստորագրվել է դեկտեմբերի 10-ին պաշտպանության նախարարությունում անցկացված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում։
«Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։
Խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Ֆրանսիական պատվիրակությանն ընդունել է նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը»։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։
Civilnet










