Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայման անհրաժեշտություն չկա, նրա գործունեությունը պետք է դադարեցվի։ Այս առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում (2022-ի հոկտեմբերին - խմբ.) Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի ղեկավարների և Եվրամիության խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։ Այդ պահին կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն, ինչպես երևում է, այն մշտական է դառնում, ընդլայնվում է կազմն ու մանդատը»,- ասել է Հաջիևը, փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող մեխանիզմ չէ. «Երրորդ կողմի ներկայությունը սահմանին նպաստում է լարվածության աճին»։
***
2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։
2024-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը։
Civilnet











