Պետությանը վերադարձվել է շուրջ 30 մլն դոլարի գույք․ Աննա Վարդապետյան

Վերջին մեկ տարվա ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանը շուրջ 30 մլն դոլարի գույք է վերադարձվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Այսպիսով, դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, պետությանը 2023-24 թվականների ընթացքում վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը մոտ 30 մլն դոլար է»,- հայտնեց գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում ութ գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի կամ համայնքի սեփականության իրավունքը։ Աննա Վարդապետյանի խոսքով դրանց թվում են․
- Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը,
- Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 244 քմ տարածքները,
- Ծաղկաձորի 24,934 քմ հանգստի և հատուկ պահպանվող տարածքը (որը կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց),
- Արարատի մարզի Արմաշի զորամասի տարածքը,
- Կոտայքի մարզի մի շարք հողատարածքներ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք, ընդհանուր ավելի քան 4 մլրդ դրամ արժեքով։ Վարդապետյանի խոսքով՝ դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ։
Ըստ դատախազի՝ բոլոր որոշումները կայացվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա։
Այս գործերի շրջանակում կառավարությունն այսօր որոշեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի անշարժ գույքերից մեկի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։
Գևորգ Թոսունյան
Թեմա
Civilnet










