Գլխավոր Լրահոս

Բաքվից մեղադրանքներ են հնչում Մոսկվայի հասցեին՝ կործանված օդանավի թեմայով

Բաքվից մեղադրանքներ են հնչում Մոսկվայի հասցեին՝ կործանված օդանավի թեմայով

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ բացատրություն է պահանջել ռուսական կողմից՝ զգուշացնելով, որ հակառակ պարագայում կարող են վերանայվել երկկողմ հարաբերությունները։

«Միջադեպի վերաբերյալ ռուսական իշխանությունների արձագանքը թեստ կլինի, որով էլ կորոշվի, թե ռուսական պետության հետ ինչ ձևաչափով է հնարավոր շարունակել հարաբերությունները, և արդյոք հնարավոր է ընդհանրապես թռնել այդ երկիր»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը Baku TV-ին տված մեկնաբանությունում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրավունք ունի բացատարություններ ստանալ Ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռի կործանման մանրամասնների առնչությամբ:

«Ադրբեջանի ցանկությունը ռուսական կողմից ոչ թե ցավակցություն կամ էլ փոխհատուցում ակնկալելն է, այլ կատարվածի վերաբերյալ բացատրություն ստանալը։ Օրինակ՝ թե ինչու պատկան մարմինները նախապես չեն փակել Գրոզնիի օդային տարածքը, կամ եթե ինքնաթիռը Գրոզնիի մատույցներում արդեն վնասված վիճակում էր, ինչու թույլ չեն տվել հարակից [ռուսական] օդանավակայաններում վայրէջք կատարել, այլ փոխարենը ուղղորդել են Կասպից ծով՝ միգուցե այն հաշվարկով, որ ինքնաթիռը ջուրը կընկնի, և դրանով «հետքերը» կվերանան, կամ էլ՝ ով է հրաման տվել առանց զգուշացման օդանավեր թիրախավորել»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Մուսաբեկովն ասել է, թե հաշվի առնելով Ադրբեջան-Ռուսաստան դաշնակացային հարաբերությունները՝ Մոսկվայից ազնիվ և պատասխանատու դիրքորոշում է ակնկալվում։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ «քանի դեռ իքնաթիռի կործանման առնչությամբ շարունակվում է հետաքննությունը, Մոսկվան գնահատականներ չի հնչեցնի»։ Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ տեղյակ է Մուսաբեկովի հայտարարության մասին։

Դեկտեմբերի 25-ին Բաքվից Մոսկվա թռնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ղազախական Աքթաու քաղաքի մոտակայքում, որի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, 29-ը՝ վիրավորվել։ 

Ըստ նախնական վարկածի՝ ինքնաթիռը թռչունների երամի է բախվել։ Սակայն կործանված ինքնաթիռի հիմնամարմնի (ֆյուզելաժ) վրա փամփուշտի հետքեր հիշեցնող անցքերը ինքնաթիռի խոցման ենթադրությունների տեղիք են տվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում