Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մուծել է ՍիվիլՆեթի դեմ ներկայացված քաղաքացիական գործով 150,000 դրամ պետական տուրքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դեկտեմբերի 27-ին մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։
Ավելի վաղ դատարանը մերժել էր Ավինյանի՝ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու միջնորդությունը և ՍիվիլՆեթի դեմ նրա հայցադիմումը վերադարձրել էր։ Հայցադիմումում Ավինյանը 150,000 դրամ պետական տուրքը որակել էր որպես «բավականին մեծ գումար»՝ նշելով, որ դրա վճարումը «ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի իրեն և իր ընտանիքին»։
Երևանի քաղաքապետը դատի է տվել Սիվիլիթաս հիմնադրամին (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությանը)՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Հոդվածը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։
ՍիվիլՆեթի հետաքննությունը բացահայտել է, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 10-ին, նրանք հայցադիմում են ներկայացրել դատարան։
Հայցով Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթից պահանջում էր հերքել իրեն վերաբերող «նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով» պնդումը և փոխհատուցել 3 մլն դրամ։
Դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Ավինյանը, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և վերոնշյալ հոդվածին, հայտնել էր ՍիվիլՆեթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին և հորդորել էր հորը նույնպես հայց ներկայացնել։
Ավինյանը լրատվամիջոցներին «մեծ աղբանոց» էր անվանել։
Civilnet











