Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ մոտիվացիա չունի. Բենիամին Պողոսյան

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ մոտիվացիա չունի. Բենիամին Պողոսյան

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ մոտիվացիա չունի, առաջիկա գոնե երեք-հինգ տարիների ընթացքում նրա թիվ մեկ խնդիրը ոչ թե Հայաստանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն է, այլ Հայաստանի հարավային հատվածում որոշակի ազդեցություն ձեռք բերելը, կարծում է քաղաքագետ, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

ՍիվիլՆեթի հետ 2024-ի տարեվերջյան հարցազրույցում Պողոսյանն ասել է, որ 2023-ի սեպտեմբերից հետո Ադրբեջանը փաստացի տապալել է բանակցային գործընթացը և ընդամենը իմիտացիոն պրոցեսների մեջ է. «Բանակցային գործընթացի իմաստով չունի որևէ մոտիվացիա խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի հետ։ Եթե մինչև 23-ի սեպտեմբերը, քանի դեռ Արցախում կար հայ բնակչություն, մոտիվացիա կարող էր լինել իրավաբանորեն փակել արցախահայերի ինքնորոշման որևէ հնարավորություն կամ ինքնավարության որևէ հնարավորություն, հիմա այդ խնդիրը չկա։ Հետևաբար, նորից եմ ասում, 2023-ի սեպտեմբերից Ադրբեջանը փաստացի տապալել է բանակցային գործընթացը և, իմ գնահատմամբ, այս վերջին 15 ամիսը մենք ավելի շատ բանակցային գործընթացի իմիտացիայում ենք» 

Պողոսյանի գնահատամամբ՝ դա ունի նաև ներքաղաքական պատճառ. որովհետև Ադրբեջանում իշխող ընտանիքը ունի իր իշխանությունը լեգիտիմացնելու անհրաժեշտություն։ Ըստ նրա՝ նախկինում Ալիևի վարչակարգի համար լեգիտիմացիայի երկու գործոն կար՝ Ղարաբաղը վերադարձնելու խոստումը և բարեկեցության որոշակի աճը։ 

«2006-2007 թվականից, երբ նավթային և գազային դոլարները սկսեցին հոսել Ադրբեջան, հասկանալի է, որ առյուծի բաժինը վերահսկվում էր շատ փոքր թվով մարդկանց կողմից, բայց բնակչության լայն խավեր ևս ինչ-որ չափով կենսամակարդակի բարձրացում տեսնում էին։ Այսինքն՝ կոնֆլիկտի խնդիր կար։ Հիմա նախ կենսամակարդակի բարձրացում չի լինի, որովհետև նավթի և գազի պաշարներն են նվազում, գներն են նվազում և պահանջարկն է նվազում՝ այսպես ասած կանաչ տնտեսության զարգացման հետ կապված։ Իսկ Արցախի հարցը Ադրբեջանը լուծեց և այսուհետ կշարունակի հնարավորինս երկար փորձել դա վաճառել բնակչությանը, բայց դա ևս 20-25 տարի չի կարող վաճառել։ Հետևաբար նոր լեգիտիմացիայի կարիք կա։ Ադրբեջանում  կարծես թե որոշել են նոր լեգիտիմացիան հիմնավորել Հայաստանը նորից որպես հիմնական արտաքին թշնամի ներկայացնելու ազգայնական խոսույթով և առաջ քաշելով «արևմտյան Ադրբեջանի» դրույթը։ Հիմա էլ բնակչությանն ասում են՝ տեսեք, դուք պետք է հանդուրժեք մեր ընտանեկան իշխանությունը ևս 20-30 տարի, որպեսզի մենք հետ բերենք մեր հայրենիքի մնացած հատվածը՝ «արևմտյան Ադրբեջանը»»։ 

Պողոսյանը, հաշվի առնելով այս գործոնները, որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է որևէ համաձայնագիր ստորագրի Հայաստանի հետ։ Ըստ նրա՝ թերևս դրանով է պայմանավորված Ադրբեջանի առաջ քաշած բազմաթիվ նախապայմանների շարքը։

Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը, առնվազն՝ այդ երկրի քաղաքական վերնախավը և փորձագիտական շրջանակներն արդեն համարում են, որ իրենք Հարավային Կովկասում դարձել են գրեթե հեգեմոն պետություն և վստահ են, որ Ադրբեջանն այլևս փոքր պետություն չէ. «Իհարկե, դեռ միջին պետություն չէ, ինչպիսին Թուրքիան, Սաուդյան Արաբիան կամ Իսրայելն է, բայց նույնիսկ հիմա ադրբեջանական փորձագիտական համայնքը փորձում է նոր տերմին ֆիքսել՝ պետություն, որն այլևս այնքան ուժեղ է, որ չի կարող համարվել փոքր պետություն, բայց դեռ այնքան ուժեղ չէ, որ համարվի միջին պետություն»։

Ադրբեջանը համարում է, որ առնվազն Հարավային Կովկասում ռեգիոնալ լիդեր է և առաջ է տանում երկու խոսույթ՝ «արևմտյան Ադրբեջանի» և թուրքական աշխարհի միավորման։ Վերջին երկու տարում, ըստ Պողոսյանի, Ադրբեջանն ինտենսիվ այդ միտքն է առաջ քաշում, որ թուրքական աշխարհը պետք է միավորվի, որպեսզի ձևավորվելիք բազմաբևեռ աշխարհում դառնա կարևոր բևեռներից մեկը, որ թյուրքական ոչ մի պետություն առանձին չեն կարող բևեռ լինել, բայց եթե միավորվեն՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, ապա դա արդեն կլինի գրեթե 200 միլիոն բնակչության միություն, որի համախառն ներքին արդյունքը մոտենում է 1 տրլն դոլարի, իսկ դա կարող են լինել բևեռ։ 

«Այս համատեքստում Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հարավային մասի նկատմամբ՝ Սյունիք, Վայոց Ձոր, տեղավորվում են «արևմտյան Ադրբեջանի» խոսույթի մեջ,- որ մենք պետք է այդ տարածքները վերադարձնենք կամ առնվազն ադրբեջանցիները պետք է վերադառնան, ունենան հատուկ իրավունքներ, գուցե ինքնավարություն ստեղծվի Հայաստանի ներսում,- այսինքն՝ Սյունիքի և Վայոց Ձորի նկատմամբ ինչ-որ վերահսկողություն պետք է հաստատվի, որովհետև «դրանք մեր պատմական տարածքներն են» և ամբողջովին տեղավորվում են թուրքական աշխարհը միավորելու կոնցեպտի մեջ, որ Սյունիքի և Վայոց Ձորի նկատմամբ պետք է հաստատվի ինչ-որ վերահսկողություն, որովհետև այդ փոքր հողաշերտն է, որ բաժանում է 200 միլիոնանոց թյուրքական աշխարհը»։ 

Պողոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի միջնաժամկետ նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի այս կամ այն կերպ որոշակի ազդեցություն ստանա Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ։

Այսինքն հնարավոր չե՞ք համարում, որ այդ փոքրիկ հողաշերտի ստեղծման վերաբերյալ որոշակի համաձայնություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Ինչքան էլ նախագահ Ալիևը ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ռևանշի և այլն, բայց այդ խոսույթը ոչ թե նրա համար է, որ իրոք իրենք վախենում են, այլ պարզապես թերևս ցանկանում են ստեղծել չակերտավոր պատրվակ Հայաստանի դեմ էսկալացիան արդարացնելու համար»,- ասում է «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետը։ 

Պողոսյանը նշում է, որ Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում այն ընկալումն է, որ քանի որ իրենք հիմա շատ  ավելի հզոր են, քան Հայաստանը, առաջիկա տարիները պետք է օգտագործել Հայաստանից ավելին ստանալու համար, իսկ այդ ավելին Հայաստանի հարավային հատվածում ինչ-որ ներկայություն ապահովելն է։ 

«Հիմա դա կլինի այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի ճանապարհով, նոր էսկալացիայի գնով ինչ-որ հավելյալ տարածքներ օկուպացնելով, շատ բարդ է ասել, բայց իմ գնահատմամբ, առաջիկա գոնե երեք-հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ոչ թե Հայաստանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն է, այլ Հայաստանի հարավային հատվածում որոշակի ազդեցություն ձեռք բերելն է։ Ուղիները կարող են լինել տարբեր»,- ասում է Պողոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում