Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շինարարական աշխատանքների ժամկետների խախտման դեպքում «անձնական պատասխանատվության» մասին զգուշացմանը, կրթական մի շարք հաստատությունների շինարարությունը շարունակում է ձգձգվել։
#CivilNetCheck-ը պարզել է, որ մի շարք մարզերում դպրոցների ու մանկապարտեզների շինարարական աշխատանքները կա՛մ չեն ավարտվել սահմանված ժամկետներում, կա՛մ ավարտված շենքերը դեռ չեն շահագործվում։
Շինարարական ժամկետները՝ վարչապետի ուշադրության կենտրոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2024ի նոյեմբերի 21-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեց, թե ինչու Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մանկապարտեզը, որը պետք է հոկտեմբերին բացվեր՝ համաձայն նախնական պայմանավորվածության, դեռ չի գործում։ Նա նաև զգուշացրեց, որ այսուհետ չի հանդուրժելու որևէ ժամկետի խախտում։
«Ես զգուշացնում եմ․ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվության, որևէ մեկն ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում այլ պաշտոնյաներ ևս կրթական տարբեր հաստատությունների շինարարության ավարտի ժամկետներ ներկայացրին։
Խախտված ժամկետներ և չկատարված խոստումներ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցի շինարարությունը կավարտվի 2024-ի տարեվերջին։
«Ջիլի դպրոցում դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում, նախատեսված է, որ կավարտվի 2024-ի դեկտեմբերին»,- ասաց Կարեն Սարգսյանը։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Ջիլի դպրոցի ներկայացուցիչ Արմենուհի Ստեփանյանն ասաց, որ շինաշխատանքները շարունակվում են։
«Նոր դպրոցի կառուցումը չի ավարտվել։ Դե ասելով՝ մինչև փետրվարի 10 պետք է վերջացնեն»,- ասաց Արմենուհի Ստեփանյանը։
Կառավարության նշված նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնեց, որ մինչև 2024-ի տարեվերջ կավարտվեն Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարական աշխատանքները. «Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը կավարտվի մինչև տարեվերջ, այդպես էլ ժամանակացույցով պլանավորված է»։
Գագարին գյուղի մարզադահլիճի շինարարությունը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։ Դպրոցի տնօրեն Անդրանիկ Ստեփանյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ հիմնական շինաշխատանքներն ավարտվել են դեկտեմբերին, սակայն դեռ առկա են հարդարման որոշ աշխատանքներ։
«Մարզադահլիճը մի քանի օրից արդեն պատրաստ կլինի, վերջն է էլի հասել, մի փոքր կոսմետիկ բաներ են մնացել»,- ասաց դպրոցի տնօրենը։
Բացի դպրոցներից՝ ժամկետներ են սահմանվել նաև մանկապարտեզների շինարարության համար։ Մասնավորապես, Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում 2024-ին նախատեսված էր մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցում։
«[...] ֆիզիկական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, բայց այնտեղ ավելացրել ենք նաև ապաստարանի կառուցում։ Ապաստարանը, որը մանկապարտեզից դուրս է, կավարտվի հունվարին»,- կառավարության նիստին ասում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։
«Պետք է ավարտեին, բայց հետո էնտեղ հարցեր առաջացան։ Դե դրա հետ միասին (ապաստարանի՝ խմբ․), էն էլ (մանկապարտեզը՝ խմբ.) դեռ ավարտուն տեսքի չէ։ Այնտեղ քիչ աշխատանքներ են մնացել, բայց ամեն դեպքում դեռ չի ավարտվել։ Չենք աշխատեցնում դեռ, հույս ունենք, որ երևի թե մինչև մարտի վերջ, ապրիլ կավարտեն»,- ասաց Անտոնյանը։
Շինարարությունն ավարտված է, բայց…
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կառավարության նիստին ասում էր, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։
Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Ավագյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցի մարզադահլիճի նորոգումն իսկապես ավարտվել է, բայց այն դեռ չի հանձնվել շահագործման։
« [...] Սպորտ դահլիճն ու նիստերի դահլիճը հիմնովին նորոգվել են։ Ավարտել են, բայց դեռ հանձնված չեն»,- ասաց դպրոցի տնօրենը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վերոնշյալ նիստի ժամանակ նաև ասաց, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում կառուցվելիք մոդուլային մանկապարտեզի և Լոռու մարզի Սպիտակ համայնքի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2024-ի վերջ։
«Աստղաձորի մոդուլային 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը դեռ ավարտված չէ և կավարտվի մինչև տարեվերջ, ոնց որ պլանավորված է ժամանակացույցով, նույնը Սպիտակի մոդուլային մսուր-մանկապարտեզը կավարտվի մինչև տարավերջ»,- ասել է Եղիազարյանը։
Աստղաձորի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզը պատրաստ է և շուտով կսկսի գործել. «Մանկապարտեզը կառուցված է արդեն, դեռ չի աշխատում, գույքի տեղադրում է, մոտակա ժամանակում արդեն կգործի»։
Ինչ վերաբերում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի մանկապարտեզին, ապա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆռանգյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ շուրջ երկու տարի կառուցվող նոր մանկապարտեզի շենքն արտաքին տեսքից կանգուն է, և շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն։
«Այս պահին էլ լայն թափով շինարարությունն ընթանում է։ Ու առաջիկա օրերին պետք է, որ շահագործման հանձնվի»,- ասաց նա։
Կառավարության նիստին մինչև տարվա վերջ շինաշխատանքներն ավարտել նախատեսվող մարզադահլիճների ցանկում էր նաև Երևանի թիվ 37 հիմնական դպրոցի մարզադահլիճը։
Դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքներն ավարտված են, բայց այն դեռ չի գործում։
«Մարզադահլիճն արդեն ավարտել են։ Դեռ չի գործում, որովհետև հանձնաժողովը պետք է ստորագրի»,- ասաց դպրոցի տնօրենը։
Ավարտված շինարարությամբ դպրոցները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նույն նիստի ժամանակ նշում էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։
Վերին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Ավետիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ դպրոցի մարզադահլիճի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է։
Տավուշի մարզի Գանձաքարի և Սյունիքի մարզի Վաղատին գյուղի դպրոցների մասին ևս խոսվում էր կառավարության նիստի ժամանակ։ Այս դպրոցների շինավարտը նախատեսված էր 2026-ին, բայց շինաշխատանքներն ավարտվել են ժամկետից շուտ, դպրոցներն արդեն գործում են։

Թվարկելով շինարարության ընթացքում գտնվող մարզական օբյեկտները՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրում կառուցվելիք բասկետբոլի դաշտի մասին։

Աճարկուտի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ բասկետբոլի դաշտն ավարտված է, բնակիչներն այն օգտագործում են։
Փաստորեն, չնայած վարչապետի պահանջին՝ որոշ մարզերի դպրոցների, մանկապարտեզների և մարզադահլիճների շինաշխատանքները չեն ավարտվել սահմանված ժամկետներում։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











