Գլխավոր Լրահոս

Նոր սահմանադրություն, բանտեր և դատարանների բեռնաթափում. ինչ է փոխվելու արդարադատության ոլորտում

Նոր սահմանադրություն, բանտեր և դատարանների բեռնաթափում. ինչ է փոխվելու արդարադատության ոլորտում

Արդարադատության նախարարությունը նպատակադրված է նոր սահամանադրության տեքստ ունենալ մինչև 2026-ի ընտրություններ։ Նման հայտարարություն արեց նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում։ ՍիվիլՆեթն ամփոփել է նախարարի հիմնական մտքերը։

Նոր սահմանադրություն

Գերատեսչության խնդիրն է՝ մինչև ընտրությունները ունենալ նոր սահմանադրության տեքստ։ «Մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ», - ասաց Գալյանը։

Հարց հնչեց, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսում է նաև Ադրբեջանի նախագահը, ինչո՞ւ են համընկել իրադարձությունները։ Գալյանն ասաց, որ որևէ կապ չի տեսնում այս հարցում. «Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկվել է վաղուց, անգամ 2019-ին, 2020-ին մենք ունեցել ենք հայեցակարգ, այդ աշխատանքներն ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական արդյունքի», - նշեց նա՝ հավելելով, որ ինքը որոշել է վերսկսել աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ ՀՀ սահմանադրության մեջ կան խնդիրներ, մասնավորապես, մարդկանց իրավունքներին վերաբերող հատվածներում շեշտադրումները և այլն։

Դատարանների շենքերի բարելավում

Արդարադատության նախարարի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան դատական շենքեր. «Այս համատեքստում նաև նախատեսում ենք կառուցել երկու կամ երեք նոր շենքեր։ Այդուհանդերձ, հստակ որոշում դեռ չկա, թե որ դատարանների համար են դրանք կառուցվելու»։

ՍիվիլՆեթին տված մեկնաբանությունում 2024 թվականի օգոստոսին դատական դեպարտամենտից հայտնել էին, որ նպատակ ունեն Քրեական դատարանների Երևանի նստավայրերը միավորել մեկում։ 

«Մենք նախատեսում ենք, որ Երևանի չորս նստավայրերը տեղափոխվեն Աճառյան 31 հասցեում գտնվող շենք, որը նախորդ տարի է մեզ տրամադրվել կառավարության կողմից», - վստահեցնում էին դատական դեպարտամենտից։

Դատարանների բեռնաթափում

Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ քաղաքացիական դատավարությունների հետ կապված դատական գործերի 80 տոկոսից ավելիի դեպքում բեռնաթափում ունեն։ 

«Այս արդյունքը ձեռք է բերվել պարզ մեխանիզմի ներդրմամբ, որ դրամական միջոցների բռնագանձման պահանջները, եթե չեն գերազանցում 2 միլիոն դրամը, ուղղվում են նոտարներին, և այդ վեճերը լուծվում են նրանց կողմից», - ասաց Գալյանը։

Նախարարը նշեց՝ դատարանների բեռնաթափմանը կարող են հասնել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների սահմանման և զարգացման ճանապարհով: Դրանք են, օրինակ, հաշտարարների ինստիտուտն ու առևտրային արբիտրաժը:

«Հաշտարարների ինստիտուտի հետ կապված արդեն էլեկտրոնային ռեեստրը գործում է, և ընթացիկ գործեր առկա են: Այդուհանդերձ, մենք պետք է գնանք այն ուղղությամբ, որ որոշակի ոլորտներում ներդնենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը՝ այդպիսով բեռնաթափելով նաև դատավարությունները և դատական պրոցեսները», - ասաց Գալյանը։ Խնդիրները, ըստ նրա, շատ են վարչական դատավարության համատեքստում. այս դատարանները գործում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Ուստի որոշել են վերանայել օրենսդրությունը՝ ներդնելով գրավոր ընթացակարգեր։  

Ինչ վերաբերում է քրեական արդարադատության ոլորտին, ապա մտածում են այնպես անել, որ դատավորի փոխվելու դեպքում գործերը նորից սկզբից չսկսեն քննվել: Բացի այդ, թվայնացման ուղղությամբ են աշխատում։ 

«Արդեն գործում է քաղաքացիական դատավարության թվայնացված կարգը, և հայցադիմումները ներկայացվում են էլեկտրոնային հարթակով: Իհարկե, համակարգը կատարյալ չէ, և մեր ուշադրությունն ուղղված է այդ համակարգի խնդիրներին», - նշեց նախարարը՝ հավելելով, որ վարչական դատավարության մասով համակարգը պիլոտային փուլում է և գրեթե պատրաստ է։

Բանտային պայմաններ

Նախարարը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում որոշ բարեփոխումներ եղել են, մասնավորապես, Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։

Նա կարևորեց արտաքին աշխարհի հետ կապի ապահովումը դատապարտյալների համար։

«Արտաքին աշխարհի հետ կապի ապահովման տեսանկյունից կրկին քայլեր են ձեռնարկվել: Նոր հակավանդալային հեռախոսների և հեռախոսակապի ներդրման ճանապարհով նվազեցվել են սակագները՝ մեկ րոպեի արժեքը, եթե չեմ սխալվում, մոտ մեկ դրամին համարժեք է: Այս առումով, ըստ էության, արտաքին աշխարհի հետ կապն ապահովվել է մի շարք գործընթացների միջոցով», - նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հարցը քննարկվում է, սակայն պետք է փոխվի քրեակատարողական ծառայողի կերպարը և համապատասխանեցվի միջազգային չափանիշներին։

Հարց եղավ նաև Ծովինար Թադևոսյանին՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ։ Նախարարը հարց բարձրացնեց, թե որտեղ է գրված, որ որևէ պաշտոնում պետք է անպայման տղամարդ լինի։

«Ոլորտը որևէ մեկին վստահելիս մենք սեռին ուշադրություն չենք դարձնում, այլ մասնագիտական կարողություններին, բարեվարքության համակարգին ու մարդակային արժանիքներին։ Այդ հարցադրումը ի բնե ճիշտ չէ, թե որն է առավելությունը կնոջը։ Հայաստանում հավասար հնարավորություններ են ստեղծվել կանանց ու տղամարդկանց միջև», - ասաց Գալյանը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում