Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը USAID-ի հետ

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը USAID-ի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։

Հունվարի 16-ին Բայրամովը Բաքվում հանդիպել է իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին։ Մեկ լրագրող հարցրել է Բայրամովին USAID-ի գործունեության մասին։ Բայրամովը պնդել է, որ ԱՄՆ-ը «պատժել է» Ադրբեջանին՝ «2023-ին իր ինքնիշխանությունը վերականգնելու համար»՝ նկատի ունենալով Ադրբեջանի բլից-հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի վերջնական կապիտուլյացիային։

Բայրամովը խոսել է 1992-ին ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի մասին, որն ուղղված էր ժողովրդավարական կառավարման և ազատ շուկայական տնտեսության ստեղծմանը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում և նորանկախ այլ պետություններում։ Հետագայում ավելացվել են առանձին դրույթներ՝ մարդասիրական, անվտանգության և հակաահաբեկչական աջակցության համար։ Այս օրենքը լայնածավալ միջոցառումների փաթեթ էր, որը ներառում էր ապագա աջակցության համար ճանապարհային քարտեզ։

1992-ի հոկտեմբերին Կոնգրեսը փոփոխեց օրենքը (907-րդ փոփոխություն)՝ արգելելով ԱՄՆ-ի ցանկացած ուղիղ օգնություն Ադրբեջանի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սա հետևանք էր Ամերիկայի հայ դատի (ANCA) լոբբիստական գործունեության, որը մատնանշում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ըստ փոփոխության՝ ԱՄՆ նախագահը «չի կարող Ադրբեջանի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին որևէ օրենքի շրջանակում օգնություն տրամադրել, մինչև չհայտնի և Կոնգրեսին չզեկուցի, որ Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել շրջափակումը և ուժի կիրառումը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ դադարեցնելու ուղղությամբ»։ Այսպիսով, Ադրբեջանը դարձավ միակ հետխորհրդային երկիրը, որը մինչև 2001-ը չէր օգտվել «Ազատության աջակցության ակտի» առավելություններից։

Այնուամենայնիվ, 2023-ի վերջից Ադրբեջանը սկսեց քննադատել USAID-ին, երբ գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական գործողությունը, որով գրավվեց Լեռնային Ղարաբաղը, «ավելի քան 100,000 մարդու ստիպեց լքել իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան։ ԱՄՆ-ը շարունակում է կանգնած լինել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի կողքին»։

Ի պատասխան Փաուերի հայտարարության՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ USAID-ն «Ադրբեջանում այլևս տեղ չունի»։

Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Բայրամովը հայտարարել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում դե յուրե անհնար է դարձել 2024-ի հուլիսից։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և USAID-ի շրջանակային փաստաթուղթը գոյություն ունի 2000-ից։
«Մենք վերանայեցինք այս փաստաթղթի դրույթները և վերջին տարիներին դրանց կիրառման ձևը։ Պարզվեց, որ նրանց գործունեությունը չի համապատասխանում Ադրբեջանի ցանկություններին և շահերին, այլ ծառայում է ԱՄՆ օրակարգի իրականացմանը Ադրբեջանում։ Այս առնչությամբ, ըստ համաձայնագրի դրույթների, մենք ծանուցումներ ուղարկեցինք և հայտարարեցինք, որ հետաքրքրված չենք այս պայմաններով համաձայնագրի երկարաձգմամբ»։

Բայրամովը հայտնել է, որ համաձայնագրի ժամկետը լրանում է 2024-ի փետրվարին։
«Այդ ժամանակ ԱՄՆ-ից բարձր մակարդակով ուղերձներ հղվեցին Ադրբեջան՝ USAID-ի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ «փետրվարից մինչև հունիս ԱՄՆ-ը […] չցանկացավ հաշվի առնել Ադրբեջանի որևէ օրինական շահ։ Դրանով պայմանավորված՝ ադրբեջանական կողմը որոշեց չերկարաձգել համաձայնագիրը»։

Բայրամովը շեշտել է, որ եկել է USAID-ի գործունեությունը դադարեցնելու ժամանակը. «Բանակցությունների ժամանակ մենք տեսանք, որ ԱՄՆ-ը հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը և փորձում է թելադրանքի միջոցով գործել իր շահերի շրջանակում։ Այլևս անհրաժեշտություն չկա USAID-ի շարունակական ներկայության և ներկայացվածության»։

USAID-ն Ադրբեջանի զարգացման համագործակցության իր ռազմավարությունը նկարագրում է որպես «բարելավված, կայուն գործընկերություն, որը նպաստում է երկրի զարգացման առաջընթացին։ USAID-ն ձգտում է աջակցել Ադրբեջանի կառավարության և քաղաքացիների, հատկապես առավել խոցելի խմբերի համագործակցությանը, օգնել կառավարությանը ստեղծելու ավելի բազմազան և կայուն տնտեսություն և օգտագործել զարգացման երկխոսության մոտեցում՝ երկարաժամկետ գործընկերության հիմք դնելու համար, որը ծառայում է ադրբեջանական և ամերիկյան ազգային շահերին»։

1991-ից USAID-ն ավելի քան 450 մլն դոլար է ներդրել Ադրբեջանում ծրագրերի իրականացման համար, որոնք վերաբերում են մարդասիրական օգնությանը, առողջապահական ոլորտին, ինչպես նաև տնտեսական և կառավարման բարեփոխումներին։ Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 20 մլն դոլարի լրացուցիչ միջոցներ է տրամադրել USAID-ին՝ երկրի տնտեսական բարեփոխումների նպատակներին հասնելու համար։

Այթան Ֆարհադովա, OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում