Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի և Ինտերպոլի կողմից հետախուզվող երկու անձի։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025-ի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է արտահանձելու փաստը. «Թուրքիան գնահատում է այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»։
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ահաբեկչության մեջ մեղադրվող երկու քաղաքացու Թուրքիա արտահանձնելու Հայաստանի գործողությանը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Հայաստանի հետ համատեղ քննարկումների արդյունքում հանցավորության մեջ մեղադրյալներին Թուրքիա են տեղափոխել թուրքական ոստիկանական ուժերը։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանցավորության մեջ մեղադրվողներից Էրջան Յըլմազը երկրի ներսում որոնվում էր 15 տարի, իսկ Ինտերպոլի կողմից՝ 14 տարի։ Մյուսը՝ Իբրահիմ Քայմաքը, Թուրքիայի կողմից հետախուզվում էր վեց տարի, իսկ Ինտերպոլի կողմից՝ վերջին մեկ տարում։
Civilnet











