ԲԴԽ անդամի պաշտոնում Սիրունյանի թեկնածության քվեարկությունը՝ այսօր

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 22-ին, տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցով քվեարկությունը։ Քվեարկությունը կանցկացվի ժամը 15:00-ին, այն լինելու է գաղտնի։
Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հունվարի 20-ին նրա մասնակցությամբ քննարկումները դժգոհության ալիք բարձրացրին։ Մամուլը հաղորդեց, որ անգամ ՔՊ-ականներից ոմանք մտափոխվել են հարցում։
Սիրունյանի վերաբերյալ բացասական կարծիք էր հայտնել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հունվարի 20-ի քննարկումներից պարզ դարձավ, որ նա Ծաղկաձոր համայնքում 2 000 քմ տարածք է ձեռք բերել ընդամենը 300 հազար դրամով։ Սիրունյանն այդ առուվաճառքը բնութագրեց որպես «ֆիկտիվ»։
Ընդդիմադիրները քննադատել են իշխանությանը՝ պնդելով, որ նրա թեկնածությունն ամենավատն է իշխանության առաջարկած թեկնածություններից, որ երբևէ ներկայացվել են խորհրդարանում։ Պատգամավորներից Գեղամ Մանուկյանը, օրինակ, շոկի մեջ էր հայտնվել, երբ ծանոթացել էր Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ-ում։
Քաղաքացիական հասարակությունը ևս քննադատել է նրա թեկնածության առաջադրումը։ Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությունում շեշտել են նրա անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և անպարկեշտ հանրային վարքագիծը։
Հունվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Սիրունյանը չի ընտրվի ԲԴԽ անդամի պաշտոնում։ «Ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված խմբակցության ղեկավարը մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ ժամանակը գա», – ասել է Սիմոնյանը։
Կարդացեք նաև՝
Civilnet










