Գլխավոր Լրահոս

Սիրունյանը հանեց իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Սիրունյանը հանեց իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի իր թեկնածությունից։ Այդ մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ըստ նրա՝ թեկնածությունից հրաժարվելու պատճառը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունն էր, որտեղ առկա էին գույքային և հողի հետ կապված խնդիրներ։ Այս հարցերը բացահայտվել էին ընդդիմադիր պատգամավորների հարցադրումների արդյունքում։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունն օրենքի համաձայն ուղարկվում է Ազգային ժողով թեկնածությունն առաջադրելուց հետո։ Մենք նույնպես կարևորում ենք Խորհրդի եզրակացությունները և հիմնվում ենք դրանց վրա։ Ի վերջո, հենց մեր իշխանությունն է հիմնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ նման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար։ Մենք կարևորում ենք պետական ինստիտուտների դերը և նրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը», – հայտարարել է Կոնջորյանը։

Նա նաև նշել է, որ օրենքով քվեարկությունը պետք է անցկացվի, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի դրան։

***

Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հունվարի 20-ին նրա մասնակցությամբ քննարկումները դժգոհության ալիք բարձրացրին։ Մամուլը հաղորդեց, որ անգամ ՔՊ-ականներից ոմանք մտափոխվել են նրա հարցում։

Սիրունյանի վերաբերյալ բացասական կարծիք էր հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հունվարի 20-ի քննարկումներից պարզ դարձավ, որ նա Ծաղկաձոր համայնքում 2 000 քմ տարածք է ձեռք բերել ընդամենը 300 հազար դրամով։ Սիրունյանն այդ առուվաճառքը բնութագրեց որպես «ֆիկտիվ»։ 

Ընդդիմադիրները քննադատել են իշխանությանը՝ պնդելով, որ նրա թեկնածությունն ամենավատն է իշխանության առաջարկած թեկնածություններից, որ երբևէ ներկայացվել են խորհրդարանում։ Նրանք իշխանությանը կոչ էին անում հանել Սիրունյանի թեկնածությունը։ Պատգամավորներից Գեղամ Մանուկյանը, օրինակ, շոկի մեջ էր հայտնվել, երբ ծանոթացել էր Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ-ում։

Քաղաքացիական հասարակությունը ևս քննադատել է նրա թեկնածության առաջադրումը։ Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությունում շեշտել են նրա անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և անպարկեշտ հանրային վարքագիծը։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում