Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մի հատ մեծ աղբանոց» անվանելու համար

ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մի հատ մեծ աղբանոց» անվանելու համար

Գևորգ Թոսունյան

Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։

Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին, հայտարարել էր. «Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց»։ Հաղորդավարի նկատառումից հետո ասել էր, թե խոսքը որոշների, ոչ թե բոլորի մասին է։

Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

Ինքը՝ Ավինյանը, ավելի վաղ դատական հայց է ներկայացրել նշյալ հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։

Ավելի վաղ ՍիվիլՆեթի դեմ հայցադիմումը դատարան ներկայացնելիս Ավինյանը 150,000 դրամ պետական տուրքը որակել էր որպես «բավականին մեծ գումար», որի վճարումը «ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի իրեն և իր ընտանիքին»։ Դատարանը վերադարձրել էր հայցը, ինչից հետո Ավինյանը վճարել էր տուրքը, և գործը մտել էր դատական վարույթ։

***

2024-ի վերջին Երևանի քաղաքապետը դատի տվեց Սիվիլիթասին՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Հոդվածը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: 

Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ 2024-ի դեկտեմբերի 10-ին, Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան։ 

2025-ի հունվարի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը մերժել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Սիվիլիթաս հիմնադրամի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու միջնորդությունը։ Նույն որոշմամբ դատավորը նաև հայցադիմումն ընդունել է վարույթ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում