Փողերի լվացման գործով քրեական հետապնդում է հարուցվել Արման Սահակյանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ. այդ մասին Քննչական կոմիտեից հայտնեցին ՍիվիլՆեթին՝ հավելելով, որ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: ՔԿ-ից հայտնում են, որ բացի Սահակյանից, քրեական գործ է հարուցվել ևս տասներկու անձի նկատմամբ։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել տասներեք անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ», - նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Կոմիտեից հավելում են, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, հանդես կգան լրացուցիչ պաշտոնական հաղորդագրությամբ։
Հաղորդվում է, որ վերոնշյալ անձինք 2012-2015 թթ. Երևան քաղաքի երեք ուսումնական հաստատությունների տարածքների վերաճշտման պատրվակով ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:
Արման Սահակյանն ու ևս յոթ անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան. մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:
Արման Սահակյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։
Civilnet










