Գլխավոր Լրահոս

ՄԻԵԴ դատավորի ներպետական ընտրությունը․ ինչպես թեկնածուն հասավ Ստրասբուրգ

ՄԻԵԴ դատավորի ներպետական ընտրությունը․ ինչպես թեկնածուն հասավ Ստրասբուրգ

Գևորգ Թոսունյան

Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վահե Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանից: Վահե Գրիգորյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահն է։ Բացի նրանից, Հայաստանն առաջադրել էր ևս երկու թեկնածուի՝ Նորա Կարապետյանին և Աննա Մարգարյանին։

ՄԻԵԴ թեկնածուների ընտրության ներազգային փուլը ընթացել է մի շարք խախտումներով, որոնք արձանագրել էր ՍիվիլՆեթը։

Ընթացակարգերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից: Ընտրության գործընթացը երկու փուլով է.

  1. Ազգային ընտրության փուլ, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ պետություն առաջադրում է երեք թեկնածու։
  2. Վերպետական ընտրության փուլ, որի ընթացքում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության հանձնաժողովը նախ գնահատում է նրանց ընտրության համար կիրառված ազգային ընթացակարգի արդարացիությունն ու թափանցիկությունը (Հայաստանից հանձնաժողովում ներկայացված է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը): Այնուհետև հանձնաժողովն անձամբ հարցազրույց է անցկացնում յուրաքանչյուր թեկնածուի հետ, և եթե համարում է, որ բոլոր պայմանները բավարարված են, կազմում է հանձնարարական ԵԽԽՎ-ի համար՝ նշելով, թե որ թեկնածուն կամ թեկնածուներն են, իր կարծիքով, ամենաուժեղը։ Վերջին փուլով էր ԵԽԽՎ-ն ընտրում է դատավոր կամ մերժում։

ՍիվիլՆեթը մի շարք խախտումներ էր արձանագրել ազգային ընտրության փուլում։

Թեկնածուների «զտում»

ՄԻԵԴ ներպետական ընտրության ընթացքում պետությունը գնացել է այնպիսի քայլերի, ինչպիսին է թեկնածուների նկատմամբ խտրական մոտեցումը՝ կապված քաղաքացիության հետ։ Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ դատավորների թեկնածուների ընտրության մրցույթից բացառել է երկքաղաքացիների մասնակցությունը՝ սահմանելով ավելի խիստ պահանջներ, քան գործում են նույնիսկ ՀՀ նախագահի կամ ԱԺ պատգամավորի թեկնածուների համար։

ՄԻԵԴ դատավորի ներպետական նախորդ ընտրությունների ընթացքում, որոնք տեղի էին ունեցել 2014-ին, նման սահմանափակումներ չէին եղել:

Ստեղծվել է հակասական իրավիճակ․ երկքաղաքացի իրավաբանը, հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից, կարող է հավակնել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին, սակայն չի կարող հայտնվել ՄԻԵԴ դատավորների թեկնածուների ցուցակում։

Ներկայում էլ ՄԻԵԴ դատավորների շարքում կան մարդիկ, որոնք երկքաղաքացի են։

Թափանցիկություն

ՄԻԵԴ դատավորի ընտրության հանձնաժողովի գործելաոճի թափանցիկության լուրջ խնդիր է եղել նաև թեկնածուների ինքնակենսագրականների չհրապարակումը։ Սա հակասում է ինչպես ՄԻԵԴ-ի պրակտիկային, որտեղ դատավորների կենսագրությունները հանրամատչելի են, այնպես էլ ՀՀ ներպետական փորձին, քանի որ Ազգային ժողովում դատավորների ընտրության ժամանակ թեկնածուների կենսագրությունները պարտադիր հրապարակվում են։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության ներպետական գործընթացը ընթացակարգային լուրջ խախտումներ է ունեցել։ 

«Գործընթացի թափանցիկությունը խնդրահարույց է եղել։ Չեն հրապարակվել թեկնածուների ինքնակենսագրությունները, իսկ գնահատման թերթիկները չեն տրամադրվել անգամ թեկնածուներին։ Մեր հարցումները կառավարությանը մնացել են անպատասխան՝ պատճառաբանությամբ, թե դրանք պարունակում են անձնական տվյալներ»,- ասում է Սահակյանը։

Նա հավելում է, որ նախորդ մրցույթի ժամանակ բոլոր թեկնածուների ինքնակենսագրականները հրապարակվել են։ Իսկ ներկայիս գործընթացում թեկնածուների գնահատման թերթիկները թաքցվել են, ինչը խիստ հակասում է թափանցիկության սկզբունքներին։

Հանձնաժողովի կազմը

Մրցութային հանձնաժողովի կազմի ձևավորումը սկզբիցևեթ եղել է խնդրահարույց։ Վարչապետի որոշմամբ իրականացված փոփոխություններն էականորեն փոխել են հանձնաժողովի ներկայացուցչական բնույթը։

Եթե 2014-ին հանձնաժողովում ներկայացված էր ՀՀ դատավորների միությունը, ապա վարչապետի նոր որոշմամբ այն փոխարինվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակով (ՀՔԱՎ)։ Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտնի է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշմամբ, որից հետո ենթարկվել է ճնշումների։ Իսկ թե ինչ սկզբունքով է ընտրվել ՀՔԱՎ-ը, մնում է անհասկանալի։ Թե ինչու կառավարությունը այլ ՀԿ-ների ևս հնարավորություն չի տվել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, չի պարզաբանվում։

Հանձնաժողովի կազմում բացառապես ներառվել են իշխանության պաշտոնական ներկայացուցիչներ՝ բացառությամբ ՀՔԱՎ-ի։ Ուշագրավ է, որ նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) ներգրավվել է ոչ թե գիտության ներկայացուցիչ անդամ, այլ պետական համակարգից ԲԴԽ դատավոր նշանակված Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Ստացվել էր այնպես, որ թեկնածուների շարքում հայտնվել էին միայն կառավարությանը մոտ կանգնած մարդիկ։

ԵԽԽՎ-ն հետևողական չի եղել, ինչը պայմանավորված է Հայաստանով՝ արևմուտք-արևելք կողմնորոշումների միջև գտնվելու հանգամանքով։ Նման հարցերում ոչ հետևողական լինելը քաղաքական աջակցության ձև է, որը կարող է նպաստել Հայաստանի վերջնական որոշմանը։ Այլ կերպ ասած՝ հովանավորում են և դրանով ցույց են տալիս, որ Հայաստանի կողքին կանգնած են։ Քաղաքական աջակցության նման դրսևորումներով փորձ է արվում հարաբերությունները ձևավորել և ուղղորդել։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն այդ ընթացակարգային խախտումներին աչք է փակել բացառապես աշխարհաքաղաքական դրդապատճառներից ելնելով։

«ԵԽԽՎ-ն հետևողական չի եղել, ինչն էլ պայմանավորված է արևմուտք-արևելք կողմնորոշումներում Հայաստանի գտնվելու հանգամանքով։ Նման հարցերում ոչ հետևողական լինելը քաղաքական աջակցության ձև է, որը կարող է նպաստել Հայաստանի վերջնական կողմնորոշմանը»,- կարծիք հայտնեց Սահակյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում