Սիրանուշ Ադամյան
Արցախցիների բռնի տեղահանումից մոտ մեկուկես տարի անց նրանց մի մասը դեռ աշխատանք գտնելու խնդրի առաջ է կանգնած։ Ոմանք գտել են աշխատանք, ոմանք ստիպված ոչ մասնագիտացմամբ են աշխատում, որոշներն էլ ընդհանրապես չեն գտնում աշխատանք։ ՍիվիլՆեթը զրուցել է աշխատանքի խնդիր ունեցող արցախցիների հետ և ստացել արցախցիների զբաղվածության պատկերը։
Մարգարիտա Աբրահամյանը Արցախում 16 տարի մանկավարժական գործունեություն է ծավալել՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, երեք տարի էլ բանկային համակարգում է աշխատել՝ որպես հաշվապահ։ Այստեղ բազմաթիվ տեղեր է դիմել՝ աշխատանք գտնելու համար, բայց անարդյունք. «Հետո մասնակցել եմ մի շարք դասընթացների՝ սկսած փափուկ հմտություններից մինչև սոցաշխատողի դասընթացներ, որպեսզի կարողանամ համապատասխանել ներկայիս աշխատաշուկայի պահանջներին, բայց դա էլ արդյունք չտվեց», - ասում է Մարգարիտան։
Ի տարբերություն վերջինիս՝ Արցախում ռուսերենի ու գրականության ուսուցչուհի աշխատած Ռուզաննա Ասրյանն այստեղ աշխատանք գտել է, բայց ոչ իր մասնագիտությամբ. որոշ ժամանակ հացի փռում էր աշխատել, այժմ էլ՝ մթերային խանութում է։

«Այստեղ ուսուցչի աշխատավարձը ցածր է. ուզում էի դպրոցում աշխատանքի անցնել, ինձ ասացին, որ պետք է հայերենով քննություն ու թեստ հանձնեմ՝ սահմանադրությանն ու աշխատանքային օրենսգրքին վերաբերող (խմբ. հայերենին դժվար է տիրապետում), ես հրաժարվեցի։ Ուզում եմ իմ մասնագիտացմամբ աշխատել, բայց ոչ դպրոցում»։
58-ամյա Մարինե Խաչատրյանն էլ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում 30 տարի գործավար է աշխատել։ Այստեղ գալուց հետո ռեստորանում սպասք էր լվանում, որոշ ժամանակ էլ հրուշակեղենի գործարանում է աշխատել, բայց աշխատանքը 14-ժամյա էր, ինքն էլ նման ծաննրաբեռնվածությամբ չկարողացավ մշտապես աշխատել։
ՍիվիլՆեթը Արցախի հայաթափումից հետո նկարահանել է նաև արցախցիների, որոնք աշխատանք են գտել։
Արցախցիների զբաղվածության պատկերը՝ Հայաստանում
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023-ի սեպտեմբերի 19-ից մինչև 2025-ի հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված 28 737 անձ գրանցվել է որպես վարձու/պայմանագրային աշխատակից, բայց դեկտեմբերի դրությամբ վարձու աշխատող արցախցիների թիվը եղել է 21 824. այսինքն՝ աշխատանքի ընդունված արցախցիներից 6 913-ը դուրս է եկել աշխատանքից։ Աշխատողներից 3 032-ը հաշվառված է պետական կառավարչական հիմնարկներում։
Ներկայացնում ենք արցախցիների զբաղվածության ոլորտները՝ թվերով.
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ արցախցիներն ամենաշատը ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, մշակող արդյունաբերության, շինարարության, կրթության, առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում։ Հունվարի 21-ի դրությամբ էլ անհատ ձեռնարկատեր արցախցիների թիվը կազմել է 1 415։
Ներկայացնում ենք նաև աշխատող արցախցիների թիվն՝ ըստ աշխատավարձի չափի.
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այս թվերը թյուրընկալում են ստեղծում արցախցիների զբաղվածության վերաբերյալ, քանի որ եթե «օրինակ, հինգ հոգանոց ընտանիքում մեկ հոգի է աշխատում և ստանում հարյուր հազարից ավել գումար, օրինակ երկու հարյուր հազար դրամ, ապա տվյալ ընտանիքը չի կարող և տան վարձը վճարել, և իր կեցության ծախսերը հոգալ»։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ արցախցիների կողմից աշխատանք չգտնելու պատճառներից մեկը մասնավոր սեկտորի պահանջներին չհամապատասխանելն է։
«Արցախում աշխատունակ մարդկանց 70 տոկոսը աշխատում էր պետական համակարգում, և այսօր այդ մարդկանց ունակությունները հարմարեցված են պետական համակարգում աշխատելուն, նույնիսկ հաշվապահի կամ իրավաբանի դեպքում մասնավոր սեկտորի պահանջները այլ են, պետականինը՝ այլ», - ասում է Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով նաև քաղաքացիություն ստանալու պահանջի խոչընդոտը թե զինվորական աշխատանքի, թե պետական համակարգում աշխատելու հարցում։
Որքանո՞վ են արդյունավետ կառավարության՝ արցախցիներին աշխատանքով ապահովելու ծրագրերը
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արցախցիների զբաղվածության երկու ծրագիր է իրականացրել. դրանցից գլխավորը «2023-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրն է, որում ընդգրկվել է 1 800 արցախցի: Այս ծրագիրը կշարունակվի նաև 2025-ին։
2024-ին իրականացվել է նաև «Լեռնային Ղարաբաղից փախստականների և նրանց ընդունող համայնքներից առավել խոցելիների կենսամակարդակային վերականգնում» ծրագիրը, որի շրջանակում աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն է ստացել 106 շահառու։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ցուցիչները խոսում են արցախցիների շարունակական ինտեգրման մասին։ Նրա խոսքով՝ եթե հաշվի առնվի նաև արցախցիներին ուղիղ աշխատանքի տեղավորման մոդելը, ապա ընդհանուր առմամբ իրենց շնորհիվ 5 588 արցախցի աշխատանք է գտել։
Civilnet











