Դատախազը 6 տարի պահանջեց «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող Ջալալ Հարությունյանի համար

Այսօր՝ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը 6 տարի պահանջեց «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Լուրը ՍիվիլՆեթին հայտնեց Հարությունյանի փաստաբան Անդրանիկ Մնացականյանը։
«Նման խիստ պատիժ չպիտի լինի, ուժի մեջ մտնելու դեպքում այն վիճարկելու ենք»,- ասաց նա։
Ջալալ Հարությունյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանը փոխանցեց, որ դատարանը վերջնական դատական վճիռ կկայացնի վաղը․ «Որոշ ժամանակ անց մենք մամուլի ասուլիս կհրավիրենք ու կվերլուծենք այդ մեծ գործը»։
Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։
Պաշտպանվող կողմը այդ վճիռը բողոքարկելու է։
****
2020 թվականի հոկտեմբերի 12-ին Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («ՑՕՐ») հրետանային դիվիզիոնի զինծառայողները Ֆիզուլիի Ջուվառլու գյուղի մոտ հակառակորդի կողմից ենթարկվել են հարձակման, որի ժամանակ դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել է, 7 հոգի՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ըստ քրեական գործի՝ «ՑՕՐ» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է՝ որ մոտեցողները յուրայիններ են։
Ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալը միանշանակ չի պնդել, որ Դ-20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրայիններ են, այլ միայն ասել է, որ այդ խմբավորումը կարող է յուրային լինել:
2022-ի սեպտեմբերի 2-ին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին և կասեցվել է նրա պաշտոնավարումը որպես գլխավոր ռազմական տեսուչ։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր երկու դրվագով։ Մյուս գործը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և 8-ին Ջաբրայիլ-Հորադիզ ուղղությամբ ձախողված հակահարձականը։
2023-ի նոյեմբերի 8-ին հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
«Շուրջ 306-էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ»,- ավելի վաղ ասել է Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Ջալալ Հարությունյանը մինչև 2020-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, վիրավորվելուց հետո նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը։
***
«Դ-20» դիվիզիոնի դեպքի առթիվ հարուցվել էր մեկ այլ քրեական գործ։ Դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Այս գործը դատաքննության փուլում է։
Տե՛ ս նաև՝
«ՑՕՐ» զորամասի Դ-20 դիվիզիոնի գործի մասին
Հայկ Ղազարյան
Civilnet










