Փետրվարի 6-ին Բաքվի դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է, թե Բաքվի բանտում իրենց նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է կալանքի պայմանների մասին օրենքին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Բաքվի բանտում հայերի նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։
«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 26-ին ասել էր Փաշինյանը։
Ադրբեջանական Minval-ը գրում է, թե Արայիկ Հարությունյանը, ի պատասխան այդ պնդման, ասել է․ «Նշեմ, որ ես քաջատեղյակ եմ կալանքի պայմանների մասին օրենքին, և այստեղ պահպանվում են դրա բոլոր նորմերը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է մեզ, և մենք հնարավորություն ունենք հեռախոսազրույցներ ունենալ ընտանիքի անդամների հետ։ Մեր նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է օրենքին։ Ամենից շատ ես անհանգստանում եմ մեր ընտանիքի և ընկերների համար»։
APA գործակալությունն էլ գրում է, թե խոսքի իրավունք է խնդրել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, դատարանը բավարարել է նրա խնդրանքը։ Բաբայանը հայտնել է, թե գոհ է կալանքի պայմաններից, և որ իր և մյուս մեղադրյալների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել. «Իմ անունից ուզում եմ ասել, որ այստեղ մեզ վրա ճնշում չի եղել։ Մեզ ամեն անգամ հարգանքով են վերաբերվում։ Թող իրենք իրենց հարցնեն, թե ինչ կանեին մեր փոխարեն։ Մենք քաջություն ունենք ճշմարտությունն ասելու։ Ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։ Մեր կալանավայրը շատ լավն է»։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով առանձին դատական նիստին պետական մեղադրանքը պաշտպանող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացության օպերատիվ մասը։ Առաջադրված շինծու մեղադրանքում ասվում է, թե իբր Ռուբեն Վարդանյանը, «անդամակցելով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված հանցավոր համայնքին, ղեկավարել է այս համայնքը և գործունեություն ծավալել համայնքի ընդհանուր հանցավոր նպատակներին և մտադրություններին համապատասխան»։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ մեղադրական եզրակացության ծավալի մեծությունը հաշվի առնելով՝ դատարանը որոշել է դրա հրապարակումը շարունակել փետրվարի 10-ին։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քրեական գործերով կա ավելի քան 531,000 տուժող և նրանց ներկայացուցիչներ։
Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
Civilnet











