ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է տնօրինել Գազան՝ ավերակները վերածելով Մերձավոր Արևելքի Ռիվիերայի (բարեկեցիկ շրջանի - խմբ.), իսկ Գազայի բնակչությանը (շուրջ 2 միլիոն) տեղավորել Հորդանանում և Եգիպտոսում։ Այս հայտարարությունը միջազգային քննարկումների առիթ է տվել և որակվել «էթնիկ զտման» փորձ։
Թրամփի հայտարարության հետքերով ՍիվիլՆեթը զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ՝ պարզելու Իսրայելի հնարավոր քայլերը, ինչպես նաև խոսելու տարածաշրջանային հարթությունում Իրանի դիրքերի մասին։
Մելքոնյանը Թրամփի հայտարարությունները ռադիկալ է որակում և նկատում, որ նման մոտեցումներ Իսրայելում նախկինում գոյություն են ունեցել։ Այս բնույթի քննարկումները ակտիվացել են 2023-ի հոկտեմբերից առաջ՝ նախքան իսրայելա-պաղեստինյան հերթական մեծ պատերազմը և ծավալվել են Իսրայելի աջակողմյան հայացքներ ունեցող գործիչների շրջանում։ Ըստ Մելքոնյանի՝ այդ գաղափարը հիմնվում է՝ «չկա տեղաբնիկ ժողովուրդ՝ չկա խնդիր» կարգախոսի վրա, որը նման է Արցախի ժողովորդի հարցում Ադրբեջանի քաղաքականությանը։
Մելքոնյանի գնահատմամբ՝ Գազայից պաղեստինցիներին դուրս հանելու կողմնակիցները, միևնույն ժամանակ հասկանում են, որ չեն կարող շուտափույթ հասնել արդյունքի, իսկ Իսրայելը ներկա պահին չի կարող թույլ տալ երկար պատերազմ։ Ըստ «ԱՊՐԻ Արմենիայի» փորձագետի՝ Գազայի ժողովրդի մոտ մտածողություն է փոխվել․ իրենք իրենց հաղթող են համարում Իսրայելի դեմ 1,5 տարուց ավելի մղած պատերազմական գործողություններում և պատրաստ չեն հեշտությամբ հանձնվել։
Թրամփի առաջ քաշած ծրագրին կարող են դիմադրել առաջին հերթին արաբական երկրները, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նրանք հանդես գան միասնաբար։ Դա հնարավոր է այն պարագայում, եթե Գազայի հարցը օրակարգային դառնա «Արաբական լիգայում»։ Հակառակ պարագայում Վաշինգտոնը փորձելու է առանձին-առանձին համաձայնության հասնել արաբական պետությունների հետ։ Այդ գործում, ըստ Մելքոնյանի, ամերիկյան կողմը կարող է գործի դնել մի շարք լծակներ, որոնցից են տնտեսական և ռազմատեխնիկական գործոնները, որոնց կարիքն ունեն, օրինակ, Եգիպտոսը, Հորդանանն ու Սաուդյան Արաբիան։
Իսկ ո՞րն է Իրանի դերը այս հավասարումում, արդյոք Իրանը հնարավոր էսկալացիայի դեպքում պատրա՞ստ է միջամտել գործընթացներին, թե՞ հատկապես սիրիական վերջին զարգացումներից հետո ավելի շատ ուշադրություն է դարձնում անմիջականորեն իր շուրջը կատարվող իրադարձություններին։
Մելքոնյանը կարծում է, որ Իրանը ներկայում անհրաժեշտ ունակություն չունի դիմադրության համար և նրա գործուն միակ լծակը փորձագետը համարում է Եմենի հութիներին, որոնք կարող են որոշակի ներգործություն ունենալ մերձավորաևելյան զարգացումներում։ Իրանը ներկայում ոչ թե ձգտում է հաղթել ապագա հնարավոր պատերազմում, այլ շտապում է զսպել Գազայի հատվածում հեռագա ռազմական էսկալացիան, թույլ չտալ դրա վերսկսումը։ Նրա գնահատմամբ՝ Իրանում միևնույն ժամանակ հասկանում են, որ եթե միջամտեն ապագա ռազմական էսկալացիային, կկորցնեն այն հնարավորությունը, որը ստեղծված է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների համար։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան հնարավոր երկխոսությանը, ապա Մելքոնյանի խոսքերով, Վաշինգտոնը փորձելու է կիրառել նույն քաղաքականությունը, ինչ Հյուսիսային Կորեայի նկատմամբ է արել․ առավելագույն ճնշում Թեհրանի վրա, որը թույլ կտա հանդես գալ ավելի շահեկան բանակցային դիրքերից։
Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարո՞ղ են ապակայունացնել իրավիճակը՝ Ադրբեջանին ստիպելով ակտիվորեն հանդես գալ Իրանի դեմ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ չի տա, որ իրեն որպես գործիք օգտագոծեն Իսրայելի ձեքին։ Ըստ Մելքոնյանի՝ Ադրբեջանը կխուսափի նման ագրեսիվ քայլերից, եթե Իրանի կողմից հարձակման վտանգ առաջանա։
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի գործոնը ներկայում աճում է և դրա վառ վկայություններից է վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Թեհրան։ Բաքուն այդպես շոշափում է Իրանի տրամադրությունները՝ ձգտելով նրանից չեզոքություն կորզել և միջազգային կոնսենսուսի հասնել Հայաստանով նախատեսված ճանապարհի նկատմամբ, որը Ադրբեջանում «միջանցք» են անվանում։
«Բաքում գիտակցում է, որ եթե նրանք Իրանի տեսանկյունից հատեն անթույլատրելիության շեմը, ապա այն անհետևանք չի մնա, ինչպես նաև Իսրայելը չի պատրաստվելու հանուն Ադրբեջանի պատերազմել Իրանի դեմ»,- եզրափակում է Սերգեյ Մելքոնյանը։
Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը
Civilnet











