Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը «2024-ի սեպտեմբերից սկսել է աշխատավարձերի վերանայման աշխատանքներ»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 2024 աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով. այս մասին ասված է ընկերության այսօր տարածած հայտարարությունում։
«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում»,- նշված է հայտարարությունում։
ԶՊՄԿ-ն նաև տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին կհայտարարվի բաց մրցույթ և կընտրվի ապահովագրական նոր ընկերություն, որը «կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ»։
Հայաստանի ամենամեծ հարկատուի՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցները շուրջ տասը օր է՝ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Ընկերության ղեկավարությունը գործադուլ անող աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ աշխատավայր՝ ընդգծելով, որ նպատակների ու խնդիրների լուծմանը կարող են հասնել միասին։
Գործադուլ անող աշխատակիցներին համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ իրենք պահանջում են նվազագույն աշխատավարձը բարձրացնել 120-150,000 դրամով, հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում և ներգրավված են արտադրական պրոցեսներում։
ԶՊՄԿ մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն էլ ՍիվիլՆեթին հայտնել էր, որ կոմբինատն օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրում գործադուլի պատճառով։
Civilnet










