Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, հայտարարել է  գործադուլը համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։ 

Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսաուղերձում նա նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոմբինատի ղեկավարության հետ՝ բարձրացված բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ:

Ըստ Մխիթարյանի՝ գործադուլի հիմնական պատճառներն էին աշխատավարձերի համահարթեցման սկզբունքների խախտումը, ապահովագրական համակարգի թերությունները, աշխատանքի տեխնիկական պայմանների անհամապատասխանությունը և որոշ արտադրամասերում ասպիրացիայի նորմերի խախտումները:

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են աշխատավարձերի ֆոնդի 20 տոկոսով բարձրացում՝ սոցիալական արդարության սկզբունքով, գործադուլի մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառում, ութ աշխատակիցների ազատման հրամանների վերանայում և արձանագրված տեխնիկական ու անվտանգության խնդիրների լուծում:

Մխիթարյանը հայտնել է, որ աշխատանքից ազատման հրամանների իրավաչափությունը կքննարկվի վերադասության կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատական ատյաններում:

«Առաջնորդվելով պետական շահով և սոցիալական գործընկերության սկզբունքով՝ որոշել ենք վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը»,- նշել է գործադուլի համակարգողը:

ԶՊՄԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ սկսել էին հունվարի 31-ին:

ԶՊՄԿ-ի   ղեկավարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ կոմբինատում 2024-ի աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 տոկոսով:

«Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում»,- նշված էր ընկերության հաղորդագրությունում:

Փետրվարի 7-ին գործադուլի մասնակից ութ աշխատակից հեռացվել էր աշխատանքից։ 

ԶՊՄԿ մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ կոմբինատն օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրում գործադուլի պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում